Գնորդները նվազել են
Աջակցիր «Ա1+»-ին2009թ. օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12 858 գործարք: Այսինքն' քանակը 2008թ. օգոստոսի համեմատ նվազել է 1.6%-ով, իսկ 2009թ. հուլիսի համեմատª 8.5%-ով: Այդ մասին են վկայում Անշարժ Գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայության ՀՀ անշարժ գույքի շուկայի օգոստոսյան վերլուծությունները:
Չնայած որ բնակարանների սեփականատերերն ու դրանց առքուվաճառքով զբաղվող միջնորդները շարունակում են արհեստականորեն բարձր պահել իրենց բնակարանների գները, այնուամենայնիվ Հայաստանում գնորդների պակաս կա: Ավելին, բացի այն, որ «Ա1+ »-ի սեփական ուսումնասիրությունն է դա ցույց տվել, նաեւ այս վերլուծությունն է ապացուցում, որ օգոստոսին հուլիսի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 5.6%-ով:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւանում օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները հուլիսի համեմատ նվազել են 0.9 տոկոսով, իսկ մարզերում 0.3 տոկոսով: Այսինքն' գները տատանվում են 12 միլիոն դրամից մինչեւ 40 միլիոն' կապված նրանից, թե բնակարանը որ տարածքում է :
Ի դեպ, օգոստոսին հանրապետությունում իրականացվել են հիփոթեքային գրավադրման 88 գործարքներ, որից 62-ը' Երեւում: Ընդ որում, հիփոթեքային գրավադրման գործարքներից 79.5%-ն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 10.2%-ն' անհատական բնակելի տների, 2.3%-ը հասարակական նշանակության օբյեկտների, 4.5%-ը այգետնակների եւ 3.4%-ը' հողերի նկատմամբ:
Ի դեպ, «Ա1+ »-ի հետ զրույցում անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող մի քանի ընկերությունների տնօրեններ փաստել են, որ հիփոթեքային վարկի միջոցով բնակարանների գնումն էլ ձեւական մի բան է : Նրանք,խնդրելով չհրապարակել իրենց անունները, ասել են, թե բանկերը հիփոթեքներ են տալիս այն մարդկանց, ովքեր գնում են բնակարաններ այն նորակառույցներից, որոնց պետությունը վարկ է տրամադրել' շինարարությունը ավարտին հասցնելու համար :