Գներն աճում են
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած այս տարվա հունիս-օգոստոսին ՀՀ սպառողական շուկայում գրանցված 3.4% ընդհանուր գնանկմանը, սեպտեմբերին հաջորդել է 0.7% գնաճ: Աճել են պարենային ապրանքների, ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ ծառայությունների սակագները: Այդ են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված «Սպառողական գների ինդեքսը ՀՀ 2009թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցի արդյունքները:
Այս ամիս նախորդի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.2% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ձվի եւ շաքարավազի 3.6-7.7% գնաճով: Օրինակ' շաքարավազը նախորդ ամիս արժեր 270 դրամ, իսկ այժմ վաճառվում է 310 դրամով:
Ամսվա կտրվածքով 0.1-0.6% գնաճ է արձանագրվել նաեւ հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի, կենդանական եւ բուսական յուղերի, այլ մթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի ապրանքախմբերում: Իսկ մսամթերքի ապրանքախմբում սեպտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 1.1% գնաճ, իսկ նախորդ ամսվա համեմատ' 0.2% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խոզի եւ տավարի մսի' համապատասխանաբար 2.0% եւ 0.8% գնանկումով:
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի' համապատասխանաբար 2.8% եւ 3.7% գնաճը:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված սակագների 1.2% հավելաճը հիմնականում պայմանավորվել է կրթության համակարգի 6.9% (կապված ԲՈՒՀ-երի եւ մանկապարտեզների վարձավճարների' համապատասխանաբար 8.1% եւ 8.4% թանկացման հետ), հանգստի կազմակերպման 2.2% ծառայությունների սակագների հավելաճով: Բուժսպասարկման, կենցաղային բնույթի եւ տրանսպորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 0.2-0.8%-ով:
Դոլարը թափ է առնում
Այս ամիս նախորդ ամսվա համեմատ ԱՄՆ դոլարն արժեւորվել է: Հանրապետության սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (սեպտեմբերի 1-29-ի դրությամբ) համապատասխանաբար 0.7% եւ 1.8% հավելաճ:
2009թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 379.66 դրամ, ինչը 25.5%-ով գերազանցել է 2008թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը(302.55 դրամ):
Այժմ 1 դոլարն արժե 383.35 դրամ: