Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ Ֆեստ»-ը մեկնարկեց

Մշակույթ

            Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում կանցկացվի «Հայ Ֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնը: Երեկ ուշ երեկոյան մեծ հանդիսությամբ տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը: Հրավառություն, պարային փոքրիկ բեմադրություն Շարլ Ազնավուրի հրապարակում,  ապա Ստանիսլավսկու անվան թատրոնԻ բեմում'  բուլղարական «Կրեդո» թատրոնի «Շինել» ներկայացումը:

            Համաշխարհային ճգնաժամի պատճառով փառատոնին կմասնակցեն համեմատաբար քիչ թվով թատերական խմբեր' 22 երկրից 33 թատերախումբ, նախորդ տարվա 60 երկրի փոխարեն: Ռուսաստանի, Կանադայի, Սլովենիայի, Լեհաստանի, Վրաստանի, Իրանի եւ այլ երկրների ավելի քան 50 ներկայացումներ կցուցադրվեն երեւանյան շուրջ 15 բեմահարթակներում: Ինչպես «Ա1+»-ին ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը' այս տարի Թուրքիայից ոչ մի թատերական խումբ չի ներկայացել, նրանք փառատոնին մասնակցելու հայտարարությանը չեն արձագանքել: «Քաղաքական ոչ մի խնդիր մենք այստեղ չենք տեսնում, քանի որ թատերական աշխարհը միշտ էլ լավն է եղել»,- ընդգծեց նա:  

            Այս տարի փառատոնի խորհրդանիշերն են լինելու թագավորի եւ ծաղրածուի կերպարները:

«Ինչպես հայտնի է' թագավորն ու ծաղրածուն համարվում են նաեւ թատրոնի գլխավոր խորհրդանիշները: Հայտնի է նաեւ, որ նրանք միեւնույն դեմքն են եւ կատարում են միեւնույն դերը, ու ոչ ոք չգիտի, թե նրանցից որ մեկն ավելի մեծ ազդեցություն ունի: Խաղաթուղթը խորհրդանշում է կիրք, իսկ թատրոնն ինքնին կիրք է, խաղ է: Թատերական կիրքն էլ հենց բերում է փառատոնային գործողությունների: Ըստ այդմ էլ' եթե մենք տարված չլինեինք թատրոնով, մենք երբեք չէինք անի այս փառատոնը»,- ավելացրեց Արթուր Ղուկասյանը: