Կինն իրանական թատրոնում
Աջակցիր «Ա1+»-ինԻրանական «Սայե» թատերախումբը «Հայ Ֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնին ներկայացել էր բավականին համարձակ մի ներկայացմամբ:
Այն կոչվում էր «Կին եւ տղամարդ» եւ պատմում էր երկու սեռերի փոխհարաբերությունների ու դրանց զարգացման մասին: Թատերախումբը բաղկացած է 3 երիտասարդ դերասաններից, որոնցից մեկն աղջիկ է: Իրանի Իսլամական հանրապետության համար, որտեղ ավանդույթներն առաջնային են, կնոջ ակտիվ մասնակցությունը թատերական ներկայացումներին, համարձակ քայլ են համարում երիտասարդ դերասանները:
Ներկայացումը թատերախմբի բեմադրիչ 26-ամյա Մոնտեզա Միր Մոնտազեմի անձնական ապրումների հիման վրա է ստեղծվել: Ինչպես նա «Ա1+»-ին պատմեց, մինչ այս ունեցած թատերական գործերից սա ամենաանձնականն է, որի միջոցով նա առաջ է քաշում կին-տղամարդ խնդիրը եւ փորձում լուծումներ գտնել: «Ամեն մարդ այս խնդրին մի հայացքով է նայում, ամեն մարդ իր խնդիրը կարող է այստեղ տեսնել ու փորձում լուծումներ գտնել: Իմ խնդրի լուծումն այս ներկայացման միջոցով ես կարողացա գտնել, ու դա ցույց եմ տալիս այստեղ»,- կարծում է Մոնտազեմին:
Միակ կին դերասանուհին' Մելոդի Արամիան, ներկայացման մեջ հանդես եկավ գլխաշորով եւ իր դերը կարծես խաղար առանձին' տղամարդ դերասանից որոշակի հեռավորության վրա: «Մենք, այսպես ասած, մեր կանոններով յոլա ենք գնում եւ աշխատում ենք: Օրինակ' ես իրական կյանքում կարող եմ մեկին սիրել, գրկել, համբուրել, սակայն ես գիտեմ, որ դա բեմի վրա չեմ կարողանալու անել: Մենք դրանից չենք նեղվում, քանի որ այդ ձեւն է մեզ մոտ ընդունված»,- ընդգծեց ներկայացման բեմադրիչը:
Իբրեւ բեմադրիչ Մոնտեզա Միր Մոնտազեմին առաջին անգամն է հանդես գալիս Հայաստանում, թեեւ անցած տարի եւս եկել էր փառատոնին, սակայն իբրեւ մեկ այլ ներկայացման զգեստների պատասխանատու:
Հայաստանի մասին տպավորությունները մեծ են: Ըստ նրա' հայերը շատ սիրալիր են եւ դրա շնորհիվ իրենք դեռ չենք զգացել, որ այստեղ օտարականներ ենք: Իսկ «Հայ Ֆեստ»-ից նրան դուր է եկել այն, որ ամեն մի ներկայացում սկսվում է ճիշտ ժամանակին, որը իրենց մոտ բացակայում է: