Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ստրասբուրգ
Ապրիլին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ և ելույթը ԵԽԽՎ-ում։ Ի՞նչպիսին կլինեն այցի բովանդակությունը և նպատակները։ Այդ մասին հայտնել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին՝ Panorama.am լրատվական կայքին։ « Այո, իսկապես, վարչապետ Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինի Ստրասբուրգում։ Ակնկալվում են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Վարչապետը ելույթ կունենա Խորհրդարանական վեհաժողովում, որից հետո պաշտոնապես կբացի վեհաժողովի նախասրահում ներկայացվելիք «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվելու է hեղափոխության առաջին տարեդարձին և հետագայում ցուցադրվելու է եվրոպական մի շարք այլ քաղաքներում։ «Թավշյա հեղափոխությունից» ուղիղ մեկ տարի անց ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի ելույթը հնարավորություն կընձեռի համաեվրոպական այս լսարանին ամենաբարձր մակարդակով հնչեցնել Հայաստանի կառավարության հանձնառությունը Եվրոպայի խորհրդի արժեքներին և մեր կողմից ստանձնած պարտավորություններին»,- ասաց նա։ Հունիսին սպասվում է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի ընտրություն։ Վերջնական երկու թեկնածուները հայտնի են, ի՞նչ կարող եք ասել թեկնածուների մասին՝ հարցին նա պատասխանել է. « Ընթացիկ տարվա մարտի վերջին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հավանության արժանացրեց ԵԽ գլխավոր քարտուղարի չորս թեկնածուներից երկուսին։ Դիդիե Ռեյնդերսը Բելգիայի փոխվարչապետն է և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարը, պետական ծառայության երկարամյա փորձ ունեցող պաշտոնյա է։ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Խորվաթիայի արտաքին գործերի նախարարն է, խորհրդարանական և գործադիր աշխատանքի լուրջ փորձ ունի։ Իսկապես, նրանք երկուսն էլ բարձրակարգ թեկնածուներ են, ովքեր ունեն անհրաժեշտ ներուժ և փորձառություն կազմակերպությունը լավագույնս ղեկավարելու համար։ Վերջնական ընտրությունը տեղի կունենա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ընթացքում ՝ Խորհրդարանական վեհաժողովի անդամների կողմից»։