Հոլանդական ինտիմը հայ բեմին
Աջակցիր «Ա1+»-ինՀոլանդիայից ժամանած «Տրանսվերսալ» թատերախումբը, մինչ հայ հանդիսատեսին ներկայանալը, մի փոքր անհանգիստ եւ լարված էր, թե ինչպես ներկայացումը կընկալվի:
Հայաստան նրանք եկել էին' մասնակցելու «Հայ Ֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնին եւ հանդես եկան «Բլյու շեիդ»' «Կապույտ ստվեր» կատակերգությամբ: Դերասանների լարվածությունը պայմանավորված էր ներկայացման բավականին բաց, ինտիմ տեսարաններով, թե դրանց ինչպես կարձագանքի հայ հանդիսատեսը: Բացի դրանից ներկայացման սյուժեն եւս համարձակ էր եւ մի փոքր ագրեսիվ: Այն պատմում էր թե ինչպես հերսոներից մեկը, ընկնելով վատ շրջապատի, թմարդեղերի ազդեցության տակ, դիմում է ծայրահեղ քայլերի, այդ թվում նաեւ' սպանում սեփական կնոջը: Ներկայացման թեման հիմնականում ամերիկյան կյանքից է վերցված, թեեւ թատերախմբի 4 դերասանները կարծում են, որ շրջապատի վատ ազդեցություններ ամենուր էլ կա:
Պատասխանելով «Ա1+»-ի հարցին' դերասանները միահամուռ նշեցին, որ թեեւ շատ քիչ բան գիտեն հայերի եւ Հայաստանի մասին, սակայն հասկացել են, որ հայ հանդիսատեսը որոշակիորեն դեռ պատրաստ չէր այս ներկայացմանը, քանի որ ավելի զուսպ է եւ սիրում է դասական արվեստ: «Մենք մի քիչ լարված էինք, թե արդյոք կընդունեն ներկայացումը, թե ոչ, կամ միգուցե այն վիրավորի հայ հանդիսատեսին: Սակայն տեսնելով հատկապես հայ երիտասարդությանը' մի փոքր հուսադրվեցինք, որ այն կընդունեն, դրա համար էլ սկսեցինք ավելի ազատ խաղալ»,- նշեց դերասաններից Մարիսա Քուադեկերը:
Այդ պատճառով նրանք շատ գոհ էին հայ հանդիսատեսից, թեեւ հնարավորություն չունեցան ներկայացումից հետո շփվել, իմանալ նրա կարծիքը: Նրանք հատկապես ընդգծեցին այն, որ հայ հանդիսատեսն ավելի շատ ծիծաղեց, քան Հոլանդիայում, որտեղ մարդիկ թատրոն հիմնականում գալիս են քննադատելու, այլ ոչ թե ներկայացում նայելու: Ներկայացման միջոցով, ըստ դերասանների' իրենք ոչ թե բարձրացված խնդիրների լուծումներ են առաջարկում, այլ ուղղակի ջրի երես են հանում դրանք եւ հնարավորություն տալիս հանդիսատեսին ինքնուրույն լուծումներ գտնելու:
Ինչ վերաբերում է խմբի անվանմանը, ապա տրանսվերս նշանակում է շարժում, փոփոխություն, պրոգրես: «Մենք եկել են փոքր քաղաքից' Ամստերդամից, որտեղ հասարակությունը շատ ավելի բաց է: Իմանալով, որ Երեւանը եւս փոքր քաղաք է, բայց փակ հասարակությամբ, որոշեցինք, որ մեր բաց մթնոլորտը բերենք Երեւան»,- ասում է դերասանուհի Սասկիա Օլդերմանը, որը ներկայացման ինտիմ տեսարաններում էր խաղում: Ի դեպ, նրա ասելով' իր համար սկզբնական շրջանում բավականին դժվար էր հարմարվել այդ դերին: Երկար աշխատանքից հետո այդ հարցում հիմնականում նրան օգնել է, ինչպես ինքն է ժպտալով ասում' իր հմայիչ խաղընկերը: