Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոլանի բարձունքների ճանաչմանը նման նախադեպերը մնում են ինքնին որպես նախադեպ. արևելագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Karen-Veranyan

Պատմությունը ցույց է տալիս, որ նման նախադեպերը, ցավոք սրտի, մնում են ինքնին որպես նախադեպ և չեն տարածվում այլ հակամարտությունների և վիճելի տարածքների վրա. այսպիսի կարծիք հայտնեց «Ա1+»-ի հետ հարցազրույցում արևելագետ, հրեագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքները որպես իսրայելական ճանաչելու փաստաթղթի ստորագրմանն անդրադառնալով։ Միջազգային հարաբերություններում, արևելագետի համոզմամբ, աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների միջև կոնսենսուս չկա, և որպես օրինակներ նշում է Կոսովոյի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ղրիմի օրինակները, որոնք հատուկենտ կամ մի քանի պետությունների կողմից այս կամ այն կերպ են ճանաչվել՝  հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու շահերը։ «Հարցը լուծվում է ուժային տարբերակով, միանձնյա, եթե ընդհանրական ասենք. ուժային ոչ ռազմական առումով, այլ ուժի դիրքերից ելնելով»,- շեշտեց նա։ Իսրայելական կողմը ամերիկյանի հետ քաղաքական, հանրային, լոբբիստական, դիվանագիտական դաշտերում, ֆինանսական տարբեր օղակներով, շրջանային-միջազգային հարաբերություններով, երկկողմ ձևաչափով տևական աշխատանքներ է տարել։ Վերանյանի խոսքով՝ դրա արդյունքում էլ եղան ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, ամերիկյան դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ, Գոլանի բարձունքների ճանաչումը, ուստի այսպիսի դեպքերը երկկողմ հարաբերություններում լուծվող հարցեր են։ Հայաստանը և Արցախը շատ անելիքներ ունեն, ընդգծում է նա,  և առկա են քաղաքական ռեսուրսները՝ Վաշինգտոնի ուշադրությունը լոբբիստական, օրենսդրական, դիվանագիտական խողովակներով տեղեկատվական պայքարով ուղղել դեպի ԼՂ հիմնախնդիրը։   Իսկ Սփյուռքի գործոնին անդրադառնալով՝ արևելագետը կարևորեց հայկական դիվանագիտության կողմից աշխատանքներ տանելը և փորձելը հնարավորինս չեզոքացնել թուրք-ադրբեջանական լոբբինգի գործոնը։