Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոչ - Համբ
A A
Քաղաքականություն

Քոչարյանը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին. Վերջինս չէր եկել դատարան

 «Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համաբարձումյանի» գործով դատական նիստը հետաձգվեց ավելի քան 6 ամսով՝ մինչև սեպտեմբերի 26-ը։

Հետաձգումը պայմանվորված էր գործարար Սիլվա Համբարձումյանի և իր ներկայացուցչի նիստին չներկայանալով։

Դատական նիստը  ընթանում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի  նստավայրում

Դատավոր Էդիկ  Ավետիսյանը  ենթադրում է, որ պատասխանող Համբարձումյանը պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի օրվա և ժամի մասին, իսկ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն իր հերթին դատարանին տրամադրեց  Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցե։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ հայց էր ներկայացրել՝ զրպարտություն պարունակող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հայցադիմում ներկայացնելու հիմքն էր Սիլվա Համբարձումյանի կողմից 2018 թ. նոյեմբերի 2–ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում հնչեցված հետևյալ միտքը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»։

Սակայն որոշ ժամանակ անց Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ընդգծելով, որ գումարը տվել է գործարար Սամվել Մայրապետյանին և տեղյակ չէ, թե վերջինս գումարն ինչ է արել։

Հավելենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Մայրապետյանի դեմ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներից ելնելով։