Մանվել Գրիգորյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, տեղի ունեցավ գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ փաստաբանների ներկայացրած միջնորդության քննությունը։
Փաստաբանն Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին՝ ժամը 12։30-ին։
Փաստաբանն ասաց, որ դատարանին են ներկայացրել գեներալ Գրիգորյանի առողջության վերաբերյալ դատաքննչական եզրակացության կրկնօրինակը, որի բնօրինակը ՀՔԾ-ում է, և որ այն ստորագրվել է դրա լիազորությունը չունեցող անձի կողմից (խոսքը առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի մասին է, ով, ըստ Մկրտչյանի, ազատված է եղել իր պաշտոնից ստորագրման պահին – հեղ.)։
«Որևիցե ակնկալիք Մարինե Մելքոնյան դատավորից չունեմ և երբեևիցե չեմ ունեցել»,- ընդգծեց պաշտպանը։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, ըստ փաստաբանի, շատ ծանր է։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու, շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: