Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2010թ. 1,2 տոկոս տնտեսական ա՞ճ

Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից հետո շուտով կկարողանա վերականգնվել, եւ 2010թ. կարձանագրվի փոքր, բայց տնտեսական աճ' մոտ 1,2 տոկոս: Այս մասին այսօր հայտարարեցին Հայաստան ժամանած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)  գործադիր տնօրենների խորհրդի մի շարք անդամներ:  

Տնտեսական այդ փոքր աճին, ըստ ԱՄՀ ներկայացուցիչների' հնարավոր է հասնել շնորհիվ ԱՄՀ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների օժանդակությամբ, ինչպես նաեւ' ՀՀ կառավարության կողմից իրականացվելիք հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության, որի արդյունքում արդեն հնարավոր է եղել չկրճատել ծախսերը:  

            Հայաստանն, ըստ ԱՄՀ գործադիր տնօրեններից մեկի' Ամբրուազ Ֆայոլի' այն երկրներից է, որն առավել ծանր է կրում իր վրա ճգնաժամի հետեւանքները: Դա է վկայում ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսով կրճատումը: «Միշտ շարունակում ենք հույս փայփայել, որ միգուցե սխալվում ենք այդ թվերի մեջ, որ անկումն ավելի փոքր է, քան այդ ցուցանիշը, սակայն այս պահին միայն դա կարող ենք ասել»,- ասաց նա' ավելացնելով, որ դեռ չի հասել տնտեսության վերականգնման պահը, սակայն երբ այն լինի, ԱՄՀ-ն ՀՀ իշխանությունների հետ կքննարկի հարկաբյուջետային կայունության պահպանման եւ պարտքի տանելիության հարցերը: 

Ամբրուազ Ֆայոլին նաեւ հույս հայտնեց, որ գնաճը ՀՀ իշխանություններից կողմից կպահպանվի «սահմանված թիրախային միջակայքի սահմաններում»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանների բացմանն ու դրա տնտեսական հետեւանքներին, ապա նա խուսափեց կոնկրետ գնահատականներից' նշելով. «ԱՄՀ-ն աշխարհի այլ տարածաշրջաններում իր փորձից քաղել է այն դասը, որ սահմանների բացումը եւ տարածաշրջանային ինտեգրումը նպաստում են պետություններում տնտեսական աճի պահպանմանը»: