Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սունդուկյանի արվեստը վրացական բեմին

Մշակույթ

«Սունդուկյանը վրացական բեմում, 19-րդ դար» գիրքի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին Թբիլիսիի հայկական թատրոնում:  

Այն լույս է տեսել տարեսկզբին' 300 օրինակով, իսկ հրատարակման  հարցում օգնել է ՀՀ Մշակույթի նախարարությունը' պետ.պատվերի շրջանակներում:

Շնորհանդեսին հրավիրվելու են թատերական աշխարհի վրաց եւ հայ մտավորականությունը: «Գրքի միջոցով ուզում եմ Սունդուկյանի ողջ սերը տարածել այդ մթնոլորտում ու դրանից մի հատված բերել նաեւ Հայաստան»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակ արվեստաբանության գիտությունների թեկնածու Իդա Բաբայանը:

«Սունդուկյանը վրացական բեմում, 19-րդ դար»ը լույս է տեսել  Ի տարբերություն մյուս նմանատիպ գրքերի, որոնք հիմնականում նկարագրական բնույթի են, «Սունդուկյանը վրացական բեմում, 19-րդ դար» գիրքը, ըստ Իդա Բաբայանի' առանձնանում է իր թատերագիտական ուսումնասիրությամբ: Իր գիրքը նա նաեւ անվանում է գիրք-ալբոմ: Այստեղ ներկայացված են հիմնականում թիֆլիսահայ նկարիչների աշխատանքները, որոնց մի մասը ստեղծվել են սունդուկյանական ստեղծագործությունների հիման վրա: 

Իդա Բաբայան ասելով' գիրքը հետաքրքիր է նրանով, որ զուգահեռ ներկայացվել են հայ եւ վրաց մշակույթները: «1971թ., երբ ես նոր էի սկսել զբաղվել այս թեմայով, նպատակներից մեկն այն էր, որ ունենանք բարիդրացիական հարաբերություններ հարեւանների հետ: Իմ կարծիքով, երբ ժողովուրդները ճանաչում են միմյանց մշակույթները, նրանք ավելի լավ են միմյանց հասկանում եւ կարողանում են համընթաց քայլել»,- ասում է Իդա Բաբայանը:     

Բացի այս գրքից, Իդա Բաբայանն ունի նաեւ մեծ արվեստագետ Վարդան Աճեմյանի մասին «Վարագույրի ետեւում» եւ «Վարդան Աճեմյանի աշխարհը վավերագրերում» գրքերը: «Վարագույրի ետեւում» գիրքում Իդա Բաբայանը ներկայացրել է Վարդան Աճեմյանին իր ներկայացումների ստեղծման պրոցեսում, իսկ «Վարդան Աճեմյանի աշխարհը վավերագրում» գրքում' մեծ արվեստագետի ստեղծագործական գործունեությունն ամբողջովին:

Այժմ արվեստաբանության գիտությունների թեկնածու Իդա Բաբայանը ցանկանում է աշխատել մի այնպիսի թեմայի վրա, որը կբարձրացնի անձի եւ հասարակության այսօրվա հակասությունները: Քանի որ դա բավականին բարդ խնդիր է, նա որոշել է այն ավելի ընկալելի դարձնել Վարդան Աճեմյանի  ստեղծագործությունների հիման վրա: