Բացել լրահոսը Փակել լրահոսը
Robert Ghevondyan
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի մտահոգությունները միայն Հայաստանի հետ չեն կապված. ռուսագետ

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են, ըստ վարչապետի, նախանշած ռազմավարական գործընկերության խորացման օրակարգի. ասաց քաղաքագետ, ռուսագետ Ռոբերտ Ղեւոնդյանը։ Քաղաքագետը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստի ընթացքում օրակարգից շեղվող, այլ ենթատեքստ պարունակող որևէ հայտարարություն չի հնչել։

Իսկ այն հարցին, թե ռուսական իշխանություններն ի՞նչ մտահոգություններ ունեն Հայաստանի վերաբերյալ՝ համեմատած նախորդ իշխանությունների օրոք հարաբերությունների հետ, պատասխանեց. «Ընդհանուր առմամբ Ռուսաստանի մտահոգությունները միայն Հայաստանի հետ չեն կապված, այլ կապված են ընդհանուր այն պրոցեսի հետ, որ տեղի է ունենում Ռուսաստանի շուրջ»։

Մտահոգություները, ըստ Ղևոնդյանի, հետևյալն են. Հայաստանում իշխանություն փոխվեց, Ղազախստանում Նազարբաևը հրաժարական տվեց, Ուկրաինայում նոր նախագահ ընտրվեց, նույնիսկ Ճապոնիայի կայսեր հրաժարականը։ «Ռուսաստանի մտահոգությունները կապված են քաղաքական սերնդափոխության հետ, քանի որ ՌԴ-ն ավանդաբար դժվարությամբ է փոփոխության ենթարկվում, և նոր իրողությունները բավական բարդ են ընդունվում»,- շեշտեց ռուսագետը։   

Շարունակելով նիստի վերաբերյալ՝ ասաց, որ Հայաստանն էր ընդունող պետությունը, ուստի դա էր պատճառը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հանրապետության ներկայացուցիչը, ի տարբերություն այն բանի, որ անդամ մյուս պետությունները ներկայանում էին երկրորդ դեմքերի մակարդակով։

«Չեմ կարծում, որ այստեղ կա ինչ-որ մտահոգության առիթ կամ ինչ-որ միտում, որ մասնակցում էին ոչ ղեկավարները։ Ըստ ձևաչափի պետք է մասնակցեին երկրորդ դեմքերը։ Իսկ եթե այլ երկրում տեղի ունենար, հավանաբար ձևաչափի համաձայն՝ ՀՀ-ից կմասնակցեր առաջին փոխվարչապետը»,- նշեց Ղևոնդյանը։

Նա հույս հայտնեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող փոփոխությունները հայ-ուկրաինական հարաբերությունների ջերմացման կբերեն։ «Ուկրաինան նախկինում լինելով ԳՈւԱՄ անդամ՝ բավական բացասական էր վերաբերում Հայաստանի նախաձեռնություններին՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանն անընդհատ քվեարկում էր Ռուսաստանի օգտին ընդդեմ Ուկրաինայի՝ բոլոր քվեարկությունների ժամանակ»,- հիշեցրեց քաղաքագետը՝ հուսալով, որ Հայաստանը կկարողանա վարել հավասարակշռված քաղաքականություն՝ բացառելով մի պետության հետ հարաբերության կառուցումը մեկ այլ պետության հաշվին։

Իսկ Փաշինյանի այն խորհուրդը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելինսկուն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է ազնիվ և ուղիղ շփվել, ըստ Ռոբերտ Ղևոնդյանի, պետք է դիտարկել հետևյալ կերպ. «Գործընկերոջը խորհուրդ է տվել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունները կառուցել ավելի դրական հիմքերի վրա»։

«Հայաստանը պետք է կարողանա համադրել հայ-ուկրաինական հարաբերությունների ջերմացումը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման հետ»,- շեշտեց նա։  

Անդրադառնալով վարչապետի՝ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ ռուսական քաղաքական որոշ շրջանակներ չեն վստահում ՀՀ իշխանական որոշ գործիչների, ասաց, որ դա նորմալ, բնական գործընթաց է։

«Այդպես էլ պետք է լիներ՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, հաշվի առնելով ՀՀ իշխանությունների այսօրվա տեսակը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ՌԴ-ում դեռևս իշխանությունը գտնվում է  բյուրոկրատական ադմինիստրատիվ կառավարման մակարդակում, ժողովրդավարական փոփոխություններ դեռևս չեն նշմարվում»,- եզրափակեց նա։