Տակը բան պետք է լինի, որ հնարավոր լինի. Գագիկ Ծառուկյանը մանդատից զրկվելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողի հարցին, թե հնարավոր է, որ իրեն պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսեն, ասել է` տակը բան պետք է լինի, որ հնարավոր լինի:
«Բողոք է եղել, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել եւ ըստ Սահմանադրության, ըստ օրենքի իրենց որոշումը կայացնել»,- ասել է նա:
Նրան հիշեցրել են, որ հենց իր ելույթներն են բողոքի համար հիմք հանդիսացել ՝ Ծառուկյանն ասել է՝ Վանեցյանը սպասում է, երբ հիմք ընդունի: Այնուհետև նա խոստացել է դուրս գալուց հետո պատասխանել բոլոր հարցերին: Ավելի վաղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում եւ լրագրողների հետ շփումներում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների մասով քրեական հետապնդում հարուցել եւ պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել։
Տեսանյութը՝ «Արմլուրի»