Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եռաբլուրում ամփոփվեցին Գուրգեն Յանիկյանի մասունքները (տեսանյութ)

Մայիսի 5-ին Եռաբլուրում տեղի ունեցավ գրող, ճարտարագետ, ՀԱՀԳԲ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ - ASALA) հոգեհայրը համարվող Գուրգեն Յանիկյանի մասունքների հուղարկավորությունը։ Արարողակարգը կատարվեց Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի խնկարկման ներքո։

Յանիկյանի մասունքներն ամփոփվեցին ԱՍԱԼԱ-ի նահատակների համար առանձնացված գերեզմանատանը։ Արարողակարգին ներկա էին «Սասնա ծռեր» կուսակցության անդամները, ԱՍԱԼԱ-ի մարտիկները, ԵԿՄ անդամներ, ազատամարտիկների՝ «Արծիվ 30» մահապարտները, Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ և այլք։

Հիշեցնենք, որ Արևտյան Հայաստանի Էրզրում նահանգում ծնված 78-ամյա Յանիկյանը, ով փրկվել էր 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից, 1973 թ. հունվարի 27-ին ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի արվարձան Սանտա-Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոցում գնդակահարել է երկու թուրք դիվանագետների՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին և նրա օգնական Բահադըր Դեմիրին:

Այս քայլով նա բարձրացրեց ցեղասպանության հետևանքով առաջ եկած հայոց պահանջատիրության հարցը և դրեց Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի ակունքները։ Սպանությունը կատարելուց հետո ինքնակամ ներկայացել է ԱՄՆ իրավապահ մարմիններին։ Դատարանում պաշտպանել է հայոց պահանջատիրության իրավունքի հարցը, հանդես եկել ցեղասպանության թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։

1973թ․ հունիս 2-ին ցմահ ազատազրկման է դատապարտվել։ 1984 թ․ փետրվարի 10-ին, վատառողջ և ֆիզիկապես տկարացած բանտից տեղափոխվել է հիվանդանոց և 17 օր հետո՝ փետրվարի 27-ին, մահացել է հիվանդանոցում։ Նշենք, որ ԱՍԱԼԱ-ի հոգեհայրն այս քայլին գնացել էր «Ապրիլի 24»-ի ցեղասպանության իրազեկման տարաբնույթ խաղաղ միջոցներ գործի դնելու անարդյունավետությունից հետո միայն, որովհետև աշխարհը փակել էր աչքերը և ականջները 20-րդ դարում տեղի ունեցած ոճիրի առջև։

«Կա՞ արդյոք աշխարհում մեկ հայ, որի երակներում հոսում է Նաիրյան արյունը, որ չսիրե և չգուրգուրե նրանց, չհպարտանա նրանցով և չցանկանա ինքն էլ դառնա այդ ազատության բանակի, որոնք խոսքերի հեղեղի փոխարեն գործ են ցույց տալիս: Պատմությունը մեզ փաստում է, որ խոսքերը քամին է տանում, խոստումները մոռացվում են, ազատության և արդարության բառերը կորցնում են իրենց իմաստը եթե նրանք չեն պաշտպանվում անհատների ուժեղ բռունցքով: Թող իմ սիրելի երիտասարդ մատաղ սերունդը իմանա, որ դեռ մարդկության ամբողջ պատմության ընթացքին ոչ մի անգամ չի պատահել, որ մի ցեղի ազատությունը տրվի նրան ոսկե սկուտեղի վրա: Ո՛ւժն է թելադրում մարդկանց գործերը և ո՛չ թե փառաբանված սերն ու գթությունը: Հայ ազատագրության գաղտնի բանակը ա՛յն բռունցքն է, որը կազմեցին հայ անհատները, այդ կենդանի բռունցքն է, որ պիտի ծնկի բերի մեր թշնամի թուրքին և դնե մարդկության առաջ իր իրավացի պահանջները, ու առաջարկի, որ վերջապես մեղավորները ընդունեն իրենց սխալներ և ուղղեն»: Գուրգեն Յանիկյանի՝ բանտից ուղարկված ձայնաուղերձից հատված։