Հոգու «Ճիչը»
Աջակցիր «Ա1+»-ինՀանրաճանաչ նկարիչ Հրաչյա Ռուխկյանի դուստրը' Անահիտ Ռուխկյանն այսօր ներկայացրեց բանաստեղծությունների իր 3-րդ գիրքը:
Այն կոչվում է «Ճիչ», որն ընդգրկում է մի քանի տասնյակ բանաստեղծություններ սիրո, ապրումի, ընտանիքի, ինչպես նաեւ' կյանքի անարդարությունների մասին: Գիրքը պատկերազարդված է Հրաչյա Ռուխկյանի նկարներով, որոնք ներկայացնում են դստերը' Անահիտ Ռուխկյանին տարբեր տարիներին, տարբեր իրավիճակներում:
«Այն իմ հոգու ճիչն է, որ պոռթկաց սրտիս գաղտնարանից: Հոգիս չէր կարող լռել, ես ուզում էի թեթեւացնել վիրավորանքների բեռը, որ կրում եմ մինչ այսօր: Ես ընդվզում եմ չարության դեմ' խնդրելով մարդկանցից միայն բարություն, սիրել միմյանց, հարգել եւ միշտ բարի լինել կյանքում»,-ասաց բանաստեղծուհին:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Անահիտ Ռուխկյանի գործընկերներն ու մտերիմները: Նրանց մեջ էին հայտնի արվեստագետներ, գրողներ, լրագրողներ, որոնք նշեցին, որ «գիրքի բանաստեղծությունները լույսի կաթիլներ են, որոնք մերթընդմերթ վառվում են», սակայն «դրանց մեջ այնքան մաքրություն ու պարզություն կա, որ ուղղակի անհրաժեշտ է մեր ազգին»: