Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրական հունձք չկա»

Մշակույթ

            Ավելացել են Գրողների միության անդամները, սակայն գրական հունձք չկա: Այս կարծիքին է ՀՀ Գրողների միության անդամ, Ռազմական գրողների միջազգային միության փոխնախագահ, 30 գրքի հեղինակ Սասուն Գրիգորյանը' ավելացնելով. «Գրող չկա: Թե ինչ է կատարվում, չեմ հասկանում»:

            Մեզ հետ զրույցում նա նշեց, որ գրականությունն այսօր իգականացրել են: «Ոչ քաղաքացիություն, ոչ հրապարակախոսություն, ոչ ազգային ցավ, ոչ հայրենիք կա մեջը: Անհամ, անվանկ, անպատկեր ինչ-որ բաներով սկսում են միմյանց գովել այն աստիճանի, որ անգամ ներկայացվում են պետական մրցանակի: Եթե մեր գրողները նոբելյան մրցանակ չեն ստանում, ապա գոնե Հայաստանի պետական մրցանակ հաստատ ստանում է անորակությունը»,- իր հիասթափությունն այսպես արտահայտեց Սասուն Գրիգորյանը:

            Նա ցավ է ապրում, որ այսօր ժամանակակից հայ գրողը, չունենալով իր սեփական խոսքը եւ ներդրումը գրականության մեջ, փորձում է քննադատել հայ գրականության վարպետներին. «Ես ցավ եմ ապրում' ինչո՞ւ ենք իջել, հասել մի մակարդակի, որ այսօր Գրողների միության նախագահության մի անդամ հանդգնում է գրել Նաիրի Զարյանի եւ Հրաչյա Քոչարի դեմ, թե իբր նրանք ժամանակին սովետական կարգերին են տուրք տվել: Դե եթե այդքան քաջ եք, այսօրվա մասին գրեք, ինչո՞ւ չեք գրում այսօրվա մասին»:

            Միաժամանակ Սասուն Գրիգորյանը հույսը չի կորցրել. «Երբ գրական հերթափոխի են գալիս մարդիկ, որոնք մեծ հավակնություններ չունեն, բայց մեծ հոգու, մեծ զգացումների տեր են, այ նրանք են մեր հույսն ու վաղվա օրը»: