18.3 տոկոսանոց անկում
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած Հայաստանի տնտեսությունը այս տարվա սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ 4.8 տոկոս աճ է արձանագրել, այդուհանդերձ հունվար-սեպտեմբեր ամիսներին ունենք 18.3 տոկոսանոց անկում' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
ՀՆԱ-ն կազմել է 2123218.4 մլն դրամ: Այդ են վկայում Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս այդ անկումը 18.4 տոկոս էր:
Գրեթե բոլոր ճյուղերում աննշան աճեր կան օգոստոսի համեմատ, մինչդեռ նախորդ տարվա կտրվածքով թվերը գոհացուցիչ չեն:
Հայաստանում 10.3 տոկոսով ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը' կազմելով 83.100 մարդ, իսկ նախորդ ամիս 83.800 էր, փաստորեն 700 մարդ աշխատանք է գտել:
Ըստ ԱՎԾ տվյալների' նախորդ ամսվա համեմատ 8.8 տոկոսով աճել է շինարարության ծավալը: Ցուցանիշները ցույց են տալիս, որ շինարարության ծավալների նվազումը հունվար-սեպտեմբեր ամիսներին 43.8 տոկոս էր, նախորդ ամիս' 52.6 տոկոս:
Արդյունաբերության ոլորտում անկումը կազմում է 11.4 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 1.4, գյուղատնտեսության ոլորտում՝ 1.3:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում նվազել են 30.7 տոկոսով, իսկ նախորդ ամիս թվերն ավելի դրական էին' 29.9 տոկոս: Ընդ որում, արտահանումը նվազել է 41.5 տոկոսով, ներմուծումը' 27.7 տոկոսով:
Ի դեպ, թվերը վկայում են, որ 0.1 տոկոս նախորդ ամսվա աճի մեջ իր հիմնական դերակատարումը ունեցել է շինարարության ակտիվացումը: