Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori marzic
A A
Սպորտ

Արթուր Պետրոսյանը եզրափակչից չորս օր անց հեռացավ «Լոռիից»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ Վանաձորի «Լոռի» ակումբն այսօր պաշտանոկան հայտարարություն է տարածել:

«Մայիսի 12-ին Արթուր Պետրոսյանը «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գեւորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

«Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նշանակավել էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին: Նրա գլխավորությամբ «Լոռին» հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ:

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Պետրոսյանին կատարած պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:

Գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակված Վահե Գևորգյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 21-ին, Երևանում: Նա որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Բանանց-2» թիմում, որը նրա գլխավորությամբ 2016/17 մրցաշրջանում դարձել Հայաստանի առաջնության Առաջին խմբի չեմպիոն: 2018 թվականին որպես գլխավոր մարզիչ աշխատել է Երևանի «Լոկոմոտիվում»: 2019 թվականի հունվարից նա միացել էր «Լոռի»-ին և ընդգրկված էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում»:

Հիշեցնենք, որ չորս օր առաջ, մայիսի 8-ին, Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Լոռին» 0:1 հաշվով պարտվելով «Ալաշկերտին», վերջնականապես զրկվել էր Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: