Վարչապետը՝ «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովին. LIVE (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունենում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գիտաժողովը նվիրված է Հայաստանում թավշյա հեղափոխության միամյակին։
Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ փորձագիտական հանրությունը ներգրավված լինի այն իրադարձություններին, որոնք այսօր կատարվում են Հայաստանում։
«Կառավարությունը չպետք է մեկուսացած լինի, այն պետք է գիտական և փորձագիտական հանրության հետ մշտական հաղորդակցության մեջ լինի։ Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, կլինեն իհարկե նյուանսներ, բայց համոզված եմ, որ տեսակետների քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, որոնք կիրագործվեն և կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ և որոնք երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ մեծ հետաքրքրությամբ է եկել այստեղ և սպասում է զեկուցողների խոսքին
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է՝ քանի կա քաղաքական հեղափոխություն, ուրեմն առանց տնտեսական հեղափոխության այն իրականություն չի դառնա։ Վահագն Խաչատրյանը մեջբերում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանի գրքից այս հատվածը « Տեսականորեն և գործնականում տնտեսական հեղափոխություն կարող է լինել, եթե տեղի ունեցող փոփոխությունները ընդգրկում են ողջ տնտեսական համակարգը» և հավելում. « Եթե որևէ մեկը կասկածում է, որ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, ուրեմն փարատեք ձեր կասկածները»։
Վահագն Խաչատրյանի զեկույցը հանքարդյունաբերության մասին է, որն ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության խնդրահարույց հարցերից է։ «Այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, պատճառ է այն քաղաքականության, որը տարիներ շարունակ իրականացվել է մեր երկրում հանքարդյունաբերության նկատմամբ։ Այդ ոլորտի պատասխանատուները չունենանլով տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող ճյուղի ռազմավարական ծրագիր նպաստել են հանքարդյունաբերության տարրերային զարգացմանը, որն էլ իր հերթին դարձել ու կարող է դառնալ աղետների պատճառ։ Կարծում եմ Թեղուտի հանքավայրի աշխատանքների դադարեցման անհասկանալի, մինչև օրս չպատճառաբանված փաստը դրանով է պայմանավորված։ Պատահական չէ նաև մարդկանց վերաբերմունքը ընդերքի շահագործման հետ կապված գործընթացներին», - ընդգծեց տնտեսագետը։ Նա կարծում է, որ իրավիճակը կարող է փոխել պետության կողմից վարած քաղաքականությունը։