Առաջընթա՞ց մաքսային համակարգում
Աջակցիր «Ա1+»-ինՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը այս տարվա ընթացքում բավական բարձր է եղել: Եթե նախկինում այն 17-17,5% էր, ապա ներկայումս տատանվում է 24%-ի սահմաններում: Այս մասին վստահեցրեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Վերջինս դա պայմանավորում է հարկերի հավաքելիության աստիճանի բարձրացմամբ, մինչդեռ պետք է նշել, որ ցուցանիշի աճը պայմանավորված է ոչ թե հարկերի հավաքագրման աճով, այլ՝ ՀՆԱ-ի նվազման հանգամանքով:
Գագիկ Խաչատրյանը այս մասին այսօր խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որի առիթը առաջին անգամ Հայաստանում գտնվող Համաշխարհային մաքսային կազմակերպության/ՀՄԿ/ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան էր:
ՀՄԿ կողմից Հայաստանի մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին տրվել է բարձր գնահատական, ուստի Կունիո Միկուրիան եկել է, որ անձամբ ծանոթանա այդ առաջընթացին: Նրանց վստահեցմամբ' Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) 2009թ հրապարակած «Doing Business» զեկույցի համաձայն, Հայաստանը 174 երկրների շարքում մաքսային համակարգում իր դիրքերը բարելավել է միանգամից 34 կետով:
«Անցյալ տարվանից մաքսայինը ռազմավարական ծրագիր է որդեգրել, ծառայությունները մեծ դեր են խաղում պետական եկամուտներ ապահովելու գործում, բայց միառժամանակ շատ կարեւոր է նաեւ հեշտացնել եւ սահուն դարձնել սահմանը կտրելու ամբողջ ընթացքը: Այն կխթանի առեւտուրն ու ներդրումները, դրանք ինչպես գիտեք տնտեսական զարգացման շարժող ուժն են»,- ասաց Կունիո Միկուրիան' ավելացնելով. «Մենք ձգտում ենք հասնել նրան, որ Հայաստանը դառնա մաքսային բարեփոխումների ցուցադրական երկիր»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իրենց կազմակերպությունը զբաղվում է միայն մաքսային հարցերով, իսկ Հայաստանում երկու կառույցները միավորված են, որքանո՞վ է արդյունավետ միասին գործելը, նա պատասխանեց, թե իրենք առայժմ գնահատման փուլում են. «Աշխարհում կան մի քանի օրինակներ, երբ մաքսային եւ հարկային մարմինները միավորվում են մեկում: Մաքսային եւ հարկայինը տարբեր կենդանիներ են, երբ մի կտուրի տակ ես դնում դրանց, հնարավորություններ են ստեղծվում նրանց միջեւ համագործակցություն ծավալելու: Այս տարվա վերջին մեր կազմակերպությունը անդրադառնալու է այս մոդելի արդյունավետությանը»: