«Անօգուտ» օրենքներ
Աջակցիր «Ա1+»-ին«Մեկ տարվա խորհրդարանական աշխատանքի արդյունքում մենք մի կողմից ունեցանք օրենքներ, որոնք կոնկրետ խնդիրներ ու շահեր էին հետապնդում եւ ոչ մի կապ չունեին օրենսդրական դաշտի կատարելագործման հետ, մյուս կողմից' օրենքներ, որոնք իրականում ոչինչ չէին փոխում, կոչված էին «սպասարկելու» Եվրախորհրդի պահանջները». այս է վկայում «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի արդյունքները:
Ծրագիրը իրականցվել է լրագրողական եւ փորձագիտական խմբերի համագործակցությամբ: Նրանք դիտարկել են ԱԺ ներկայացված 5 քաղաքական ուժերի օրենսդրական գործունեությունը: Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ կուսակցությունները հայտնվելով ԱԺ-ում իրենց ծրագրում առկա խոստումները կյանքի չեն կոչել:
Նշենք,որ Մոնիտորինգի առարկա են դարձել ԱԺ երկու նստաշրջանների ընթացքում քննարկված մեկ տասնյակ օրինագծեր, որոնք առնչվում են մի քանի հիմնարար ոլորտների' դատաիրավական եւ հարկային բարեփոխումներ, բնապահպանական խնդիրներ, քաղաքական իրավունքներ, հեռարձակման ոլորտ ու խղճի ազատություն:
Օրինակ, հարկային բարեփոխումների ոլորտի փորձագետ Անդրանիկ Թեւանյանը անդրադարձել էր «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքին: Նախնական տարբերակում օրենքի հիմնական փոփոխությունը ներմուծողների համեմատ առավելություններ էր ապահովում տեղական ենթաակցիզային ապրանքների արտադրողների համար, սակայն հետո այն վերափոխվեց:
«Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրողների հիմնական մասնակիցները ներկայացված են ԱԺ-ում եւ այնտեղ գործում է, այսպես կոչված, «Սպիրտային ֆրակցիա»: Հենց նրանց նախաձեռնությամբ էլ օրինագիծը ընդունվեց: Այնուհետեւ այն վերափոխվեց: Արդյունքում ստացվեց, որ նույնիսկ ներկայացված լինելով ԱԺ-ում' տեղական արտադրողների «Սպիրտային ֆրակցիան» չկարողացավ սեփական շահերը պաշտպանել եւ արտախորհրդարանական «Ներմուծողների ֆրակցիան» կարողացավ վերջնախաղում հաղթանակ տանել»,- նկատեց Անդրանիկ Թեւանյանը:
Տեղեկատվական ոլորտի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն էլ ընդգծեց, որ ոչ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում է տեղ գտել տեղեկատվական ոլորտը:Ըստ փորձագետի' ՀՀԿ-ն այդ ոլորտի մասին ընդհանրապես չի խոսել, գուցե նրա համար, որ նրանց խոսքի ազատությունը չի հետաքրքրում: Նա վստահ է, որ այս ոլորտում ընդունված օրենքները չեն ապահովել հեռուստառադիոընկերությունների անկախությունը: