Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուքիասյանների «բարաթը» գտնվել է

Տնտեսություն

Սուքիասյանների խոսքով' «Պեպոյի բարաթի» հեղինակությունը ստացած փաստաթուղթը վերջապես հասել է հասցեատիրոջը:

«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ ԴԱՀԿ-ից վերջապես  ստացել են ընկերության աճուրդի վերաբերյալ կատարողական վարույթի նյութերը: Հիշեցնենք, որ Սուքիասյանները պահանջում էին ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի թիվ 15 օրդերը, ըստ որի' «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը 19.02.2009թ. կանխիկ ԴԱՀԿ ծառայություն է վճարել 4.219.432.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ պահանջում էին նույն ԴԱՀԿ ծառայության թիվ 17 ելքի օրդերի պատճենը, ըստ որի' նույն ներկայացուցիչը 02.04.2009թ. 4.219.432.000 ՀՀ դրամը ետ է ստացել' առանց համապատասխան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի:

«Մեզ հարկավոր էր համոզվել' այդ գումարը վճարվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Արա Զոհրաբյանը, ավելացնելով, թե այս նյութերն ի վերջո տրամադրվեցին այն ժամանակ, երբ «Բջնի» ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսվեց:

Փաստաբանը «Ա1+»-ին նաեւ տեղեկացրեց, որ այս պահին «Բջնի» ընկերությունը դիմել է ՀՀ ոստիկանություն եւ Գլխավոր դատախազություն, որպեսզի պարզեն այդ փաստերը.  «4 միլիարդ դրամ կանխիկ վճարե՞լ դրամարկղ, երբ դա կարելի էր անել բանկային փոխանցման միջոցով: Մենք կասկածով ենք վերաբերվում դրան: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԴԱՀԿ-ն թաքցնում էր այդ օրդերները: Ընդ որում' կատարողական վարույթում այդ օրդերների բնօրինակները բացակայում են, գործում եղել են միայն պատճենները»: