«Հարեւաններ»
Աջակցիր «Ա1+»-ինԲնության մեջ կենդանիների հետ պետք է ապրել ներդաշնակության մեջ եւ շահագործողի հոգեբանությամբ չմոտենալ նրանց: Այս կոչն են անում Բելոռուսիայից «Արևորդի» բնապահպանական փառատոնին մասնակցելու համար ժամանած ռեժիսորներ Սերգեյ Մախովը եւ Լարիսա Կաբերնիկը:
Նրանք երկուսն էլ հեռուստատեսության աշխատողներ են ու նրանց վավերագրական ֆիլմերն հիմնականում հրապարակախոսական, ռեպորտաժային բնույթ ունեն: Սերգեյ Մախովի ֆիլմը կոչվում է «Հարեւաններ»: Այն 2 րոպե 45 վայրկյանանոց ֆիլմ է, որը հեղինակը սիրում է անվանել ուղղակի հոլովակ: Այն 5 տարվա ընթացքում նրա կողմից նկարահանված տարբեր ֆիլմերի յուրահատուկ սինթեզ է: Ինչպես «Ա1+»-ին պատմեց Սերգեյ Մախովը' ֆիլմ-հոլովակում ընդգրկված են այդ ֆիլմերի լավագույն կադրերը:
Սերգեյ Մախովը մի սկզբունք ունի' երբեք ցույց չտալ ոչ մի դաժանություն ու բռնություն, օրինակ' որսի կադրեր: «Դա ինձ հետաքրքիր չէ: Որսն ինչ-որ տեղ հասկանալի է միայն գիտական հետազոտությունների, այլ ոչ թե զվարճանքի համար: Ես բնությունը ցույց եմ տալիս այնպես, ինչպես այն կա: Ես սիրում եմ նայել նրան ու հիանալ եւ ցույց տալ, թե որքան այն գեղեցիկ է առանց խեղաթյուրումների»,- ասում է նա:
Ռեժիսոր Լարիսա Կաբերնիկի ֆիլմը կոչվում է «Ողջեր եւ մեռյալներ»: Նա իր ֆիլմը համարում է դաստիարակչական, որի շնորհիվ երեխային փոքրուց բացատրում են, որ հոգատարությամբ, այլ ոչ թե շահագործողի հոգեբանությամբ պետք է մոտենալ բնությանը: «Այլապես շուտով մենք էլ մեզ կսկսենք ուտել: Մեզնից շատերն այսօր կորցրել են իրենց մարդկային դեմքը»,- ասաց նա' նշելով, որ ուրախացել է, երբ տեսել է, որ «Արեւորդի» բնապահպանական փառատոնին շատ են հաճախում հատկապես երեխաները:
Ի դեպ, Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը միակն է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում եւ անցկացվում է ամեն երկրորդ տարին: Այս տարի այն անցկացվում է հոկտեմբերի 25-ից 29-ը: