Սամվել Բաբայանի թիմակիցների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելը ահազանգ է. «Երկիր Ծիրանի»»
Աջակցիր «Ա1+»-ին«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել. այն ստորև
Արցախի գործադիր իշխանության ղեկավարի ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է
Արցախում մեկնարկած գործադիր իշխանության ղեկավարի ընտրության քարոզարշավը, 2019 թվականի մայիսի 29-ի գիշերից, լույս մայիսի 30-ը, մտել է անհանդուրժողության և պառակտման նոր փուլ: Այդ ուշ գիշերին Սևանի մայրուղու` Սևան-Մարտունի ճանապարհահատվածի փակելը, և Արցախյան ազատամարտի հերոս Սամվել Բաբայանի քաղաքական թիմակիցների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելը` ահազանգ են ազգային պառակտման սադրիչ գործողության իրականացման, և կարող են հիմք հանդիսանալ անթույլատրելի արյունալի բախման` հայ ազգի տարբեր հատվածների միջև:
Մենք իրավունք չունենք թույլ տալու սխալներ: Արցախում գործադիր իշխանություն ձևավորելու համար քաղաքական պայքարը պետք է ընթանա օրինականության սկզբունքի հիման վրա: Արցախը, որպես Հայոց արդի պետականության լինելիության կարևոր բաղկացուցիչ մաս, քաղաքակիրթ ընտրությունների միջոցով պետք է և կարող է ընտրել գործադիր իշխանության ղեկավար, իսկ այդ ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն