Պատրաստ ենք սկսել Գյումրիի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները. Մարտին Էռնեկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՅուրաքանչյուր երկու տարին մեկ «Կորպորասիոն Արմենիա օդանավակայաններ» ընկերությունը ղեկավար կազմով մասնակից որևէ երկրում անցկացնում է գագաթնաժողով: Այս անգամ Հայաստանն է հանդես գալիս՝ որպես հյուրընկալող երկիր: Նպատակն է՝ միասին աշխատել և քննարկել ընկերության ռազմավարությունը: «Կորպորասիոն Արմենիա օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց, որ սա ընկերության մասնակից երկրների ներկայացուցիչների համար լավագույն առիթ է մոտիկից ծանոթանալ Հայաստանին:
«Մենք հաջողակ ենք, որովհետև Հայաստանում մեծ զարգացումներ ունեցանք: Կարծում եմ, որ շարունակելու ենք օժանդակել երկրի տնտեսությանը և զարգացնելու ենք «Զվարթնոց» օդանավակայանը, որպեսզի այն ավելի լայն հնարավորություններ ունենա»,- նշեց Մարտին Էռնեկյանը՝ հավելելով, որ կաշխատեն, որպեսզի Զվարթնոցի հին շենքը պահպանվի:
«Կորպորասիոն Արմենիա օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայաստանում մեծ խնդիրների չեն առնչվել: Իսկ նոր կառավարության հետ էլ ամուր համագործակցություն ունեն:
Ինչ վերաբերում է Գյումրիի օդանավակայանի շենքի վերակառուցմանը, ապա Մարտին Էռնեկյանը նշեց, որ համագործակցում են օդանավակայանի շինարարների հետ: Նրանց համաձայնությունը ստանալուց հետո, պատրաստ են սկսել վերանորոգման աշխատանքները:
«Կորպորասիոն Արմենիա օդանավակայաններ» ընկերությունը ուղևորների սպասարկման առումով աշխարհում տասներորդն է: 2017 թվականին ընկերության օդանավակայանները սպասարկել են 77 միլիոն ուղևորի, որոնց մոտ 32,8 %-ը եղել են միջազգային փոխադրման ուղևորներ, մոտ 55, 3 %-ը ներքին չվերթների, 11, 9 %-ն էլ տարանցիկ չվերթների ուղևորներ:
Հիշեցնենք նաև, որ «Կորպորասիոն Արմենիա օդանավակայաններ» ընկերության ղեկավարության գագաթնաժողովին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: