Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gevorg Papoyan
A A
Քաղաքականություն

Ռուսաստանից, Ղազախստանից  դրամական փոխանցումների հետ կապված  որևէ սահմանափակում չկա. «Իմ քայլը» պատգամավոր (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե որտեղ է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ վերջինիս զեկույցի վերաբերյալ ելույթներ են լինելու և նրա բացակայությունը խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, և ԱԺ փոխխոսնակը պետք է ապահովի նրա ներկայությունը։

Ի պատասխան Մարուքյանի պահանջին՝ Սիմոնյանն ասաց, որ չի կարծում, որ պետք է այսպիսի խիստ գնահատականներ տալ. «Ես Ձեզ հետ համաձայն եմ, որ շատ ավելի ճիշտ ու շատ ավելի նորմալ կլինի, որ այս պահին այստեղ ներկա լինի... Համաձայն եմ Ձեզ հետ»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես միացավ Մարուքյանի դիտողությանը. «Բազմաթիվ առիթներ ենք ունեցել շփվելու ԿԲ ներկայացուցիչների հետ և ստացել ենք նմանատիպ վերաբերմունք։ Սա իսկապես վիրավորական է Ազգային ժողովի նկատմամբ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել»։

Արձագանքելով Աղազարյանին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ համաձայն է, և Ջավադյանն անձամբ կգա ու կպատասխանի։ Այնուհետ ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը։

Արտաքին տնտեսական միջավայրում այսօր, 2018 թ. երկրորդ կեսից սկսած, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում նկատվում է տնտեսական աճի դանդաղեցման տեմպեր։ Դրան ի հակառակ, ի ուրախություն մեզ՝ ՀՀ տնտեսության մեջ տնտեսական աճի տեմպերն առաջանցիկ են. ԱԺ ամբիոնից հայտարարեց տնտեսագետ պատգամավորը։

Ըստ նրա՝ Հայաստանն առաջ է տարածաշրջանային հարևան բոլոր պետություններից, եթե վերջինների միջին զարգացման տեմպը 1-4 տոկոսի սահմաններում է, ապա Հայաստանում անցած տարի 5,2 տոկոս է։ «Եթե առաջին եռամսյակի 4-ամսյա կտրվածքով նմանատիպ տնտեսական աճ է ամբողջ տարածաշրջանի երկրների մոտ, այդ թվում՝ մեր հարևանների մոտ, Հայաստանում առաջին 4 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է  7,1 տոկոս»,- ընդգծեց տնտեսագետ պատգամավորը։

Դրամական փոխանցումների հետ կապված խնդիր չկա, ըստ Պապոյանի, և ՀՀ գործընկերներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից որևէ սահամանափակում չկա։

«Գերխնդիր պետք է լինի տնտեսական աճը և տնտեսական աճի բարձր տեմպերը, այո՛, կարող են իրենց կարող են, երբեմն, գնաճ թույլ տալ։ Իսկ գնաճ չկա այն ժամանակյ, երբ չկա տնտեսական աճ։ Ընդհակառակը, երբ որ նույնիսկ ռեցեսիա է տեղի ունենում, կարող է լինել գնանկում»,- տնտեսական աճի հետ կապված նշեց «Իմ քայլը» պատգամավորը՝ հավելելով ԿԲ-ի ներկայացրած գնաճից չպետք է վախենալ և պետք է վախենալ, եթե սահմանված տնտեսական աճից ավելի ցածրն  ունենանք։

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Պապոյանն ասաց, որ խնդիր կա վարկային վարքագծի հետ և վարկառուները, գյուղացիական տնտեսությունները պետք է հասկանան, որ գյուղատնտեսական վարկերը պետք է օգտագործել միայն գյուղատնտեսական նպատակով. «Դրանք չպետք է հատկապես սպառողական նպատակներով օգտագործել, որովհետև դա շատ հաճախ բերում է նրան, որ գյուղատնտեսները, գյուղաբնակները չեն կարողանում այդ վարկերը փակել»։  

Մանրամասները տեսանյութում