Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կառավարությունը գերակատարել է այն պլանը, որը դրել էր նախորդ կառավարությունը. Փաշինյան. Ուղիղ (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել է 2018թ. բյուջեի  կատարողականի քննարկումները, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  2018 թ. կառավարությունը կարողացել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ մակրոտնտեսության կայունության պահպանումը:

«Երևի թե հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում մասշտաբային քաղաքական փոփոխություններ և դրանք չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ կառավարությունը 2018 արձանագրել է 5,2 տնտեսական աճ, մինչդեռ 2018 բյուջեի նախագիծը, որը ընդունել էր նախորդ Ազգային ժողովը, կանխատեսվել էր 4, 5 % տնտեսական աճ: Կառավարությունը գերակատարել է այն պլանը, որը դրել էր նախորդ կառավարությունը:

Բյուջեի կատարողականից խոսելուց հետո, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև երկրում տիրող մթնոլորտին:  Վարչապետը հավաստիացրեց, որ իշխանությունը հավատարիմ է այն արժեքներին, որոնք հռչակել են ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում: Վարչապետը խստորեն դատապարտում է  բռնության որևէ դրսևորում, անկախ նրանից՝ դա իշխանության, թե ընդդիմության համակիրների կողմից է արվում:

«Ի սկզբանե  մեզ համար մեծագույն խնդիր է եղել ու շարունակում է մնալ  բռնությունից զերծ հանրության ձևավորումը: Կարծում եմ, որ Հայաստանում այսօր հենց այդպիսի միջավայր է ձևավորված: Մենք պետք է ինստիտուցիոնալ առումով արմատավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականն ու տրամաբանությունը: Բռնության այն քարոզը, որը տեղ ունի Հայաստանում, իմ գնահատմամբ ետցնցումային երևույթներ են: Որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող ուժերը և անձինք, անկախ նրանից՝ իշխանության, թե ընդդիմության աջակիցներն են, նրանք դուրս են մղվելու Հայաստանի հանրային և քաղաքական կյանքից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: