Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն

Մեր խնդիրը չէ գերանդին առնել և հնձել բոլորին և ամեն ինչ. Փաշինյանի ճեպազրույցը ԱԺ բակում (տեսանյութ)

«Դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության խնդիր ունի»,- Ազգային ժողովում 2018թ.  բյուջեի կատարողականի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետը անհրաժեշտություն է տեսնում, որ դատական համակարգը ներկայացնի ժողովրդին:

«Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ո՛չ վարչապետը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը, ոչ էլ քաղաքացիները չքննարկեն, ասեն՝ դատարանը որոշել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դատական համակարգում Նիկոլ Փաշինյանը ճգնաժամ է տեսնում: Օրինակ բերեց Վճռաբեկ դատարանի հայտարարությունն ընդդեմ Սահմանադրական դատարանի, դատարանների ընդհանուր ժողովի հայտարարությունն ընդդեմ Բարձրագույն դատական խորհուրդի:

«Մեր խնդիրը չէ գերանդին առնել և հնձել բոլորին և ամեն ինչ: Մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ  դատական համակարգ»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը  նկատել է,   որ դատական համակարգում ինչ կատարվում է կամ  ինչ-որ մեկին բաց են թողնում, մամուլը  և սոցիալական ցանցերը  պատասխանատվության սլաքներն ուղղում են իր վրա:

«Սա անհեթեթ իրավիճակ է, երբ որ դու ոչ մի առնչություն չունես որոշումների մեջ, բայց և՛ համակիրներն են ասում՝  էս ինչ խաղեր եք տալիս, բաց թողեցիք հա՞, և՛ ընդդիմությունն է ասում՝ հրահանգեց»:

Վարչապետը նաև խոսեց դատավորների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունից: Առանց դրա՝ անկախ դատական համակարգ լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանին պետք չէ մարիոնետային դատարան:

«Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդ դատական համակարգը պատրաստի դրած էր: Ես ինչո՞ւ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչ արեցի. դա ցույց տալու համար»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն այս շրջանում հնարավորություն ունի բարձրացնել դատավորների աշխատավարձերը, բայց դա չի արվում, որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությունը չի հասկանա: Դատավորների աշխատավարձերը կբարձրանան դատական համակարգի բարեփոխումների ընթացքում: