Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ եւ իրանցի դատախազները՝ նույն սեղանի շուրջ

Պաշտոնական
iran

Հունիսի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական
Հանրապետության գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների
մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական
օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական
հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան:

Միջոցառումն իրականացվել է 2018թ. նոյեմբերին Թեհրանում ՀՀ և ԻԻՀ գլխավոր
դատախազների կողմից ստորագրված «ՀՀ գլխավոր դատախազության և ԻԻՀ գլխավոր
դատախազության միջև 2019-2020թ.թ. համագործակցության մասին» ծրագրով:
Դրանով նախատեսված միջոցառումների մի մասն անցկացվում է ՀՀ-ում, իսկ մյուս
մասը՝ ԻԻՀ-ում: Վերոնշյալ կլոր սեղանի անցկացումը դրանցից առաջինն է:

Հանդիպման ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների
ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) և
քրեական գործերով իրավական օգնության ոլորտում առկա ընթացակարգային և
բովանդակային մի քանի ակտուալ խնդիրների, քննարկել միջազգային իրավունքի և
երկու երկրների օրենսդրական իրավակարգավորումների համատեքստում դրանց
լուծման առավել արդյունավետ մոտեցումները, երկու երկրների
դատախազությունների միջև այս ոլորտներում համագործակցության խորացման
հեռանկարները:

Ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը՝ երկու երկրների
դատախազությունների ներկայացուցիչները մեծապես կարևորել են քրեական
գործերով միջազգային-իրավական համագործակցությունը և երկուստեք փաստել, որ
2019-2020թթ. համագործակցության ծրագիրը նպաստում է գործակցության հետագա
ամրապնդմանը, երկու երկրների դատախազների փոխընկալման դյուրացմանը: Նրանք
ընդգծել են նման ձևաչափով հանդիպումները հաճախակի դարձնելու
կարևորությունը, նշելով, որ դրանք նպաստում են կոնկրետ գործերով առաջացող
աշխատանքային բնույթի խնդիրները հնարավորինս օպերատիվ լուծելուն, գործնական
հարաբերությունների սերտացմանն ու փոխվստահության ամրապնդմանը:

  ԻԻՀ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ գլխավոր
դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա բարձր է գնահատել երկու դարավոր
հարևան երկրների միջև բոլոր մակարդակներով հաստատված ջերմ, բարեկամական
հարաբերությունները, ունեցած ընդհանուր պատմական, մշակութային
ժառանգությունը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ԻԻՀ գլխավոր
դատախազության հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ
համագործակցությունը լիարժեքորեն համապատասխանում է երկու երկրների  միջև
հարաբերությունների մակարդակին և ոգուն, ինչը նոր շնչառություն է ստացել
նախ 2017թ. Սանկտ-Պետերբուրգում, այնուհետ արդեն Թեհրանում ՀՀ և ԻԻՀ
գլխավոր դատախազների հանդիպումների, համագործակցության վերոնշնալ ծրագրի
ստորագրման, դրանով նախատեսված միջոցառումների մեկնարկի արդյունքում:

Արմեն  Հարությունյանը համոզմունք է հայտնել որ սկսված ծրագրային միջոցառումների
իրականացումը նպաստելու է ինչպես հանձնման և քրեական գործերով իրավական
փոխօգնության, այնպես էլ անդրազգային հանցավորության և հատկապես
թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի
ոլորտներում երկու երկրների ներուժի համատեղմանն ու արդյունավետ
օգտագործմանը:


                   ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին