Սերմացու յուրացրած համայնքապետն համաներմամբ ազատ արձակվեց, բայց կմնա անպաշտոն
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական
դատավճռով ավարտվել է մատչելի գներով աշնանացան ցորենի սերմերի հատկացման
պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Ձյունաշող
համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի
հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի
դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հոկտեմբերի 28-ին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և
Լոռու մարզպետարանի միջև կնքված փոխառության պայմանագրով մարզպետարանին է
հանձնվել աշնանացան ցորենի սերմացու: Լոռու մարզի Ձյունաշող համայնքի
ղեկավար Գ. Գ.-ն, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել համայնքի
հողօգտագործողներին հատկացվելիք առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի
սերմացուն, 2015 թ. մարզպետարան է ներկայացրել 30.000 կգ աշնանացան ցորենի
սերմացուի պահանջ: Անձամբ ստանալով համայնքի շահառուների համար նախատեսված
4.800.000 ՀՀ դրամ արժողությամբ 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացուն՝ նա
պարտավորվել է մինչև 2016 թ. հոկտեմբերի 10-ը հետ վերադարձնել սերմացուի
դիմաց գոյացած պարտքը: Սակայն հետագայում ստացած առանձնապես խոշոր չափերի՝
4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300 կգ սերմացուն հողօգտագործողներին չի
հատկացրել, այլ օգտագործել է սեփական կարիքները հոգալու և իր կողմից
օգտագործվող հողերը մշակելու նպատակով: Այսինքն օգտագործելով իր
պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր
չափերի աշնանացան ցորենի սերմացուն:
Այնուհետև, համայնքի ղեկավարը, գոյացած պարտավորությունը անձամբ չկատարելու
շահադիտական դրդումներից ելնելով, 2015թ. համայնքապետարանի աշխատակցուհու
միջոցով կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ցանկեր, որում
կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի հողօգտագործողների կողմից
աշնանացան ցորենի սերմացու ստանալու վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ
փաստաթղթի արժանահավատությունը հաստատելու նպատակով խնդրել է կնոջը
նմանեցնելու եղանակով կեղծել ցանկերում ներառված շահառուների
ստորագրությունները, որից հետո բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը
ներկայացրել է Լոռու մարզպետարան: Դրանց հիման վրա ՀՀ կառավարության
որոշմամբ պարտքը ներելու միջոցով դադարեցվել են Լոռու մարզի Ձյունաշող
համայնքի 4.800.000 ՀՀ դրամի պարտավորությունները:
Նկարագրված արարքները կատարելու համար Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ
քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի
1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն
չհեռանալու մասին։
Նախաքննության ընթացքում, ինչպես նաև դատաքննության ժամանակ Գ. Գ.-ն
ամբողջությանբ հատուցել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի
վնասը։
2019թ. մայիսի 30-ին կայացված դատավճռով Գ. Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ
քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական
օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքներ կատարելու մեջ և
վերջնարդյունքում դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 2 տարի
ժամկետով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում
կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող
պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի
կիրառմամբ Գ. Գ.-ի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը պայմանականորեն չի
կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Գ. Գ.-ի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է հիմնական պատժի
կրումից: Սակայն որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու
լրացուցիչ պատիժը մնացել է:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին