Մեսսին ու Սկալոնին դժգոհ են Բրազիլիայի հետ խաղի մրցավարությունից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ու թիմի ավագ Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչում Բրազիլիայի ընտրանուց կրած պարտությունից հետո դժգոհել են հանդիպման մրցավարությունից:
«Մրցավարը ազդեց խաղի ելքի վրա: Մեզ սկսեցին դեղին քարտերով պատժել: Ինձ դուր չեկավ մրցավարի աշխատանքը: Նրա որոշումներն ավելի մեղմ էին հակառակորդի հանդեպ: Չգիտեմ՝ արդյոք բրազիլացիների տուգանայինում խախտում կա՞ր, թե՞ ոչ, բայց մրցավարն իր բարձրության վրա չգտնվեց այդ դրվագում», - ասել է արգենտինացիների մարզիչը:
«Կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք մեր լավագույն խաղը մրցաշարում: Երկու անգամ գնդակը ետ մղվեց մրցակցի դարպասաձողից: Բրազիլացիները մեզ ոչնչով չգերազանցեցին, միտումնավոր խախտում էին խաղի կանոնները, նույնիսկ ձեռքով խաղացին տուգանայինում, սակայն այս գիշեր մրցավարները ոչ մի անգամ չդիմեցին տեսակրկնության համակարգի օգնությանը: Դա պարզապես անհավանական է», - խաղից հետո ասել է Մեսսին:
Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը, 2:0 հաշվով հաղթելով Արգենտինային, մտել է եզրափակիչ, որտեղ կհանդիպի այսօր կայանալիք Չիլի- Պերու կիսաեզրափակիչ երկրորդ խաղի հաղթողի հետ: Արգենտինայի հավաքականը կպայքարի 3-րդ տեղի համար: