Գնդակն ԱԺ-ի դաշտում է. պատգամավորը՝ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ նախագիծն ընդունելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը քաղաքական որոշում ունի, որ Հայաստանում աշխատող մարդը պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ավելի աշխատավարձ ստանա, այդ պատճառով էլ գործադիրը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագծին, որով նախատեսվում է այն 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանի խոսքով՝ Կառավարությունը 4 մեթոդով հետազոտություն է անցկացրել, որպեսզի հասկանա՝ նվազագույն աշխատավարձը որքանո՞վ կարելի է բարձրացնել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցում է արել՝ պարզելու համար, թե հնարավո՞ր է նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում պետությունը մեծ բեռ դնի փոքր բիզնեսի վրա:
«Որպեսզի նորաբաց, փոքր բիզնեսի վրա մեծ բեռ չդնենք, 2019 ապրիլ- մայիսին հետազոտություն ենք արել գործատուների շրջանում։ Ըստ հարցման՝ 70 142 դրամը նվազագույն աշխատավարձի ընդունելի չափն է»,- ասաց Գեմոֆին Գասպարյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում պետական ոլորտում 35 000 մարդու աշխատավարձ կբարձրանա, իսկ մասնավորում՝ շուրջ 45 000-ի:
Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագիծ ներկայացրել էին նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը, որոնք առաջարկում էին նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 000 դրամ:
Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ հիմա գնդակը Ազգային ժողովի դաշտում է:
«63 000 դրամը կարող ենք համարել, որ 100%-անոց կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելը արդեն կքննարկենք»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը: Թե ինչո՞ւ են պատգամավորները դեմ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ դարձնելուն, Բաբկեն Թունյանը պատճառաբանեց.
«68 000-ը ավտոմատ բերելու է նաև բազային աշխատավարձերի բարձրացման, դրա հետ էլ կապված՝ բաձրանալու են պետական պաշտոնյանների աշխատավարձերը: Դրույքաչափեր կան, որով, օրինակ, պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը, նախարարը՝ տասներկուապատիկը և այլն։ Որպեսզի մենք չազդենք բազային աշխատավարձի վրա, նվազագույն աշխատավարձը ֆիքսել ենք այն չափով, որ ավտոմատ չբերի ազդեցության»,- ասաց Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ եթե Կառավարությունը 68 000 դրամի հետ մեկտեղ մեխանիզմ կառաջարկի, որով բազային աշխատավարձը կմնա անփոփոխ, ապա խորհդարանը կընդունի այդ օրենքի նախագիծը:
ԱԺ պատգամավորը նաև համակարծիք չէ, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում միայն 80 000 քաղաքացու աշխատավարձ կբարձրանա: Կարծում է, որ խոսքը շուրջ 100 000 մարդու մասին է:
«80 000-ը այն մարդիկ են, որոնք այսօր ստանում են նվազագույն աշխատավարձ, բայց օրինակ, եթե մարդ կա, որ ստանում է 60 000 դրամ աշխատավարձ, իրենց աշխատավարձը նույնպես բարձրանալու է»,- ասաց պատգամավորը: