Հայաստանը շատ կարևոր պետություն է ԵԽ համար․ ԵԽ գրասենյակի ղեկավարը մրցանակներ հանձնեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ Եվրախորհրդի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը։
Մրցույթը կազմակերպվել էր 14-18 տարեկան աշակերտների միջև։ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթին մասնակցել է շուրջ 20 աշակերտ ամբողջ Հայաստանից։
Մրցանակները հանձնեց Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։
Առաջին տեղը զբաղեցրել է Աբովյանի քաղաքի 9-րդ դպրոցի 12-րդ դասարան փոխադրված Անի Կարապետյանը, երկրորդը՝ Էջմիածնի թիվ 10 ավագ դպրոցն այս տարի ավարտած Ռուբեն Օհանյանը, երրորդը՝ Սյունքի մարզի Գորիսի ավագ դպրոցի 12 դասարան փոխադրված Լուսինե Հայրապետյանը։
Նատալյա Վուտովան իր ելույթում շնորհակալություն հայտնեց մրցույթը Եվրախորհրդի հետ համատեղ կազմակերպած կրթության և գիտության, արտաքին գործերի նախարարություններին։
«Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքներն են՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Եվրախորհուրդը շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար, ինչպես նաև Հայաստանը շատ կարևոր պետություն է ԵԽ-ի համար»,- շեշտեց գրասենյակի ղեկավարը։
Հաղթող ճանաչված Անի Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ այս թեմայի շուրջ իր գրած շարադրությունում իրեն մտավոր պատկերացրել է Եվրոպայում եվրոպացու հետ քայլելիս և տեսել նրա վերափոխման ճանապարհը։ Այնուհետև վերադարձել է Հայաստան՝ հույս հայտնելով, որ եվրոպացիներն ավելի հոգատար կլինեն իրենց շրջապատի նկատմամբ և մարդկային շփումն ավելի կարժևորվի Եվրոպայում։
Ռուբեն Օհանյանն իր էսսեում հաղորդագրություններ է ներառել՝ ուղղված խաղաղությանը։ «Քանի որ մենք էլ Հայաստանում ենք ապրում և մենք կիսապատերազմական վիճակում ենք, կարծում եմ, որ նաև մենք պետք է ունենանք խաղաղության կոչեր անելու նախաձեռնությունը»,- ընդգծեց նա։
Լուսինե Հայրապետյանի պատկերացումներում ապագա եվրոպացին պետք է լինի հանդուգն, համարձակ և պետք է միշտ իր պարտականությունները սիրի, ինչպես իր իրավունքները։ Իսկ թե ինչո՞ւ է մարդու իրավունքներին ու պարտականություններին անդրադարձել, պատասխանեց․ «Ներկայումս մարդիկ այնպիսի դաստիարակություն են ստացել, որ իրենց իրավունքներն ավելի են շատ են գերադասում, քան իրենց պարտավորությունները և պարտականությունները»։
Հաղթող ճանաչված Անի Խաչատրյանն այս տարվա հոկտեմբերին կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք կազմակերպության 70-ամյակին նվիրված միջոցառմանը։