Մշակվելու է ազգային անվտանգության նոր ռազմավարություն․ ԱԽ քարտուղար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, հաստատվել է հանձնախմբի կազմը և գործունեության կարգը։
Ըստ որոշման՝ Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել ՀՀ Անվտանգության խորհրդի քննարկմանը, այնուհետև՝ ՀՀ կառավարության հաստատմանը։
«Մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարադակով ստանձնել այդ գործընթացի առաջնորդությունը՝ ձևավորելով մասնագիտական, փորձագիտական, քաղաքացիական, քաղաքական, ակադեմիական, հանրության բազմագործառութային քննարկումների անկաշկանդ մթնոլորտ և համագործակցության բաց հարթակ՝ փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում։ Մեր ժամանակներում ընդհանրապես շատ է խոսվում ռազմավարությունների կարևորության մասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց՝ որոշել են մշակել նոր ռազմավարություն, պատճառները բազմաթիվ են։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ գործող ռազմավարությունն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել։