Պետությունը պետք է իր գույքային իրավունքները պաշտպանի՝ հայց ներկայացնելով. փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հերթական որոշումն է կայացրել՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի կառավարությունը Բուզանդի 13 հասցեի նախկին բնակիչ, 83-ամյա Յուրի Վադանյանին պետք է հատկացնի 1մլն 602 հազար եվրո՝ որպես նյութական վնասի, իսկ 6 հազար եվրո էլ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Ի դեպ, սա հայտնի՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործն է։
Այս առնչությամբ «Ա1+»-ը զրուցել է փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ։
-Պարոն Շուշանյան, Հայաստանում կա՞ արդյոք մեխանիզմ, որպեսզի դատավորների կայացրած ապօրինի դատական ակտերի համար վճարի ոչ թե պետությունը, այլ տվյալ դատավորները։
-Ընդամենը պետք է օրենք ընդունել, և այդ օրենքի հիման վրա՝ պետությունը պետք է իր գույքային իրավունքները փորձի պաշտպանել։ Դա, օրինակ, կարող է լինել դատավորի աշխատավարձից պահումների տեսքով, կարող է լինել հենց դատավորի անձնական գույքի վրա բռնագանձում տարածելու եղանակով։
ԵԽ անդամ մի շարք երկրներում նման օրենքներ կան, այդ օրենքների իմաստը կայանում է նրանում, որ Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա՝ պետության կողմից իրավունքը խախտված անձանց փոխհատուցվող գումարները հետագայում պետության հայցի հիման վրա բռնագանձում են այդ խախտումների համար մեղավոր պաշտոնատար անձինք։
Այդ դեպքերում միանշանակ պետք է համապատասխան պաշտոնատար անձանց միջոցներից գումարը բռնագանձելու հայցեր ներկայացնել պետության կողմից։
-Կոնկրետ այս դեպքում Եվրոպական դատարանի վճռում հիշատակվում էր նաև Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը և գնահատական տրվում նրա գործողություններին։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Այս դեպքերում մենք լիովին այլ իրավիճակի հետ գործ ունենք։ Մի ողջ կոռուպցիոն սխեմա է գործել։ Մենք գիտենք, որ Գլխավոր և Հյուսիսային պողոտաների գոտում գտնվող սեփականատերերի գույքի իրացման գործընթացն ուղղորդվել է ուղիղ այն ժամանակվա նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի կողմից։
Բյուզանդի մի շարք հասցեների կոնկրետ կառուցապատողը «Վիզկոն» ընկերությունն էր և այդ կազմակերպության սեփականատեր Պավել Անդերսոնը, որն արդեն ԱՄՆ-ում գտնվելով՝ հրապարակավ հայտարարեց, որ կոնկրետ դատավորների՝ առաջին, ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ ատյանների դատավորներին կաշառքներ է տվել՝ այդ սեփականատերերից, այդ գույքը ոչ համարժեք փոխհատուցման դիմաց վերցնելու մասին վճիռներ կայացնելու համար, և այդ անձնավորությունը հիշատակել էր նաև այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունը՝որպես այդ գործընթացները համակարգող այդ գործընթացներին անմիջական առնչություն ունեցող անձի։ Այստեղ նույնիսկ իր հայտարարություններից կարող ենք հետևություն անել, որ խոսքը գնում էր Արմեն Գևորգյանի կողմից «Վիզկոն» ընկերությունից կաշառքի շորթման մասին։
-Կարո՞ղ ենք փաստել, որ այստեղ ոչ թե դատավարական սխալի մասին է խոսքը, այլ կոնկրետ գործարքի։
-Ակնհայտ է, որ այդ իրավունքները խախտող վճիռները չեն կայացվել իրավական անգրագիտության, մասնագիտական ձեռնահասության բացակայության կամ անփութության արդյունքում, այլ դրանք եղել են ուղիղ դիտավորությամբ՝ հենց այդ անձանց իրավունքները՝ մասնավորապես իրենց գույքից անարգել օգտվելու իրավունքը խախտելու նպատակով կայացված դատական ակտեր։ Այսինքն՝ այստեղ ուղղակի դիտավորությամբ կատարված հանցագործության մասին է խոսքը գնում։
-Տվյալ իրավիճակում ի՞նչ պետք է անի պետությունը։
Այս դեպքում պետությունը ոչ միայն դատավորներից, այլև մյուս պաշտոնատար անձանցից գումարը բռնագանձելու վերաբերյալ հայցով պետք է մտնի դատարան։ Այնտեղ խոսքը գնում էր նաև այն ժամանակվա քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Երվանդ Զախարյանի մասին։ Այդ բոլոր պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին պետք է խոսք գնա։ Միայն այդ գումարները բռնագանձելու և պետության վնասը հատուցելու մասին չի խոսքը։ Խոսքը հենց այդ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է, որպեսզի նման դեպքերը հետագայում կրկնություն չունենան։
Որովհետև, եթե այդ դատավորները հիմա քրեական պատասխանատվությունից խուսափեն, իսկ պետությունը բավարարվի միայն պետությունից բռնագանձվելիք գումարները հետ ստանալով, ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում նույնպես այդ քաղաքական պատվերի շրջանում դատարանները նմանօրինակ ապօրինի դատական ակտեր չեն կայացնի։ Դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունը միայն կարող է հետագայում նման գործողություններից հետ պահել։