Բացել լրահոսը Փակել լրահոսը
6
A A
Մշակույթ

Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին և ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, անվանի բեմադրիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանին։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և ‹‹Ներկա›› կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ադոլֆ Հասսեի ‹‹Տիգրան Մեծ›› օպերայի բեմադրման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։ Գագիկ Մանասյանը պատմել է, թե ինչպես է գերմանական արխիվներում պատահաբար գտնվել Հասսեի ‹‹Տիգրան Մեծ›› օպերան, որը գրված լինելով 1700-ական թվականներին երբևէ չի բեմադրվել։ ‹‹Երաժշտական աշխարհում Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված շուրջ 40 օպերա է հայտնի։ Սա որքան որ ուրախալի է, նույնքան էլ ամոթալի է, քանի որ նրանցից ոչ մեկը չի բեմադրվել Տիգրան Մեծի հայրենիքում››,- ասել է Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ Հասսեի օպերայի բեմադրությունը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում կարևոր նախաձեռնություն և մեծ երաժշտական իրադարձություն է համարվելու։  

‹‹Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր բոլոր թագավորներին մասին պետք է օպերաներ լինեն, որովհետև թագավորների հետ կապված յուրաքանչյուր գաղափար, դա պետության գաղափար է, քանի որ նրանք պետականության խորհրդանիշեր են։ Ցավոք, ես նայում էի, որ մենք մեր ոչ բոլոր թագավորների անուններով փողոցներ ունենք ու պարտադիր չէ, որ նրանց անուններով փողոցներ, արձաններ լինեն միայն Երևանում››,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով օպերայի բեմադրության գաղափարը։ Ջորջ Փեհլիվանյանն էլ շեշտել է, որ նպատակ կա ապագայում բեմադրել Տիգրան Մեծի վերաբերյալ բոլոր օպերաները։ Նա շեշտել է, որ ‹‹Տիգրան Մեծ›› օպերայի բեմադրումը նաև լուրջ երաժշտական դրդապատճառներ ունի։ Հիմնական պատճառն այն է, որ օպերաները գրված են ‹‹Բարոկկո›› երաժշտական ոճով, որն այսօր եվրոպական ժամանակակից երաժշտական աշխարհում ամենաընդգծվածներից է և ունի հստակ օրենքներ, երաժշտական ինքնատիպ գործիքակազմ։ Հենց այդ խնդիրներն են լրացուցիչ դժվարություններ ստեղծում օպերայի բեմադրության համար։ Գևորգ Իսահակյանի փոխանցմամբ ներկայումս համատեղ ջանքերով փորձում են հաղթահարել այդ դժվարություններն՝ ի նպաստ բարոկկո երաժշտության տարածմանը Հայաստանում։ Այժմ բանակցություններ են ընթանում բարոկկո երաժշտական ուղելար գործիքներ ձեռք բերելու և համապատասխան երաժիշտներ վերապատրաստելու ուղղությամբ։ Գագիկ Մանասյանը շեշտել է, որ ծրագրվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում ստեղծել մշտական գործող ‹‹Բարոկկո նվագախումբ››՝ և այդ երաժշտության տարածման համար բարենպաստ միջավայր։ Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի շրջանակում ‹‹Հայաստանի դասական երաժշտության բարեկամների›› խմբի առաքելությունը՝ շեշտելով, որ հիմնադրամն իր աջակցությունը կունենա նաև ‹‹Տիգրան Մեծ›› օպերայի բեմադրման հարցում։ ‹‹Օգտվելով այս առիթից թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ դասական երաժշտության հարցում ունեցած ձեր նախաձեռնության համար։ Դա իսկապես շատ մեծ օժանդակություն է և ես հարկ եմ համարումն ձեզ շնորհակալություն հայտնել››,- ասել է Գագիկ Մանասյանը։

Հանդիպմանը քննարկվել է նաև օպերայի բեմադրության կազմակերպչական հարցերը։ Նախնական պայմանավորվածությամբ օպերան կբեմադրվի 2020 թվականի աշնանը։