Ամուլսարը երկրի համար էկոլոգիական առումով մեծ վտանգ է ներկայացնում․ Վարդան Բոստանջյան
Աջակցիր «Ա1+»-ինԱմուլսարի հարցում տնտեսագետների և բնապահպանների միջև վեճը բնական է համարում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Բնապահպանները էկոլոգիական վնասի մասին են խոսում, տնտեսագետները՝ նոր եկամուտներ մոբիլիզացնելու, տնտեսական զարգացումը խթանելու մասին։ Երկու կողմի վեճից բացի՝ ակնհայտ է, որ Ամուլսարի բազմաթիվ շահեր կիզակետվել են, ոչ միայն ներքին, այլ նաև դրսի։ Յուրաքանչյուրն իր մեկնաբանությունն է տալիս՝ իր տեսակետը հիմնավորելու համար, բայց բոլոր պարագաներում ես հասկանում եմ, որ Ամուլսարը երկրի համար էկոլոգիական առումով մեծ վտանգ է ներկայացնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետը։
Վարդան Բոստանջյանը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։ Նա կարծում է, որ կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված աղմուկից հասարակությանը շեղելու համար նոր աղմկահարույց ձերբակալություն է կատարում։ Խոսքը Ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին է։
«Ցանկացած հասարակության մեջ կա որոշակի շերտ, որոնք չափազանց լավ են զգում, բայց վերջերս «Պողոս» անունն են ստացել, իհարկե, լավ են զգում, որ ուրիշին վատ է լինում։ Հիմա այս զանգվածը, որ իշխանափոխության պաշտպաններն էին, նրանց պահելու համար կարելի է ամենազանազան ձերբակալություններ իրականացնել՝ առանց հիմնավորումների, թե ինչի՞ համար, առավել ևս, որ ձերբակալությունները կարելի էր երեկ անել, պարզվում է, որ երեկ հարմար չէր, և այսօր այդ զանգվածին ուրախացնելու համար, հարկավոր էր նրան ձերբակալել»,-ասաց նա։