Խոզաբուծարանից տարածվող գարշահոտն անհանգստացնում է համայնքի բնակիչներին
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատի մարզի Մարմարաշեն համայնքում գործող խոզաբուծարանը անհանգստություն է պատճառում համայնքի բնակիչներին։ Խոզաբուծարանից եկող տհաճ հոտն ամբողջ գյուղով մեկ տարածվում է։
«Ա1+»-ի հետ զրույցում համայնքի բնակիչներից մեկն ասաց․
«Բողոքելուց հետո ոչինչ չի փոխվել, էլի նույնն է։ Եթե մինչև երեկոյան ժամը 10-ը էստեղ մնաք, հաստատ մի անգամ կուշաթափվեք ու ուշքի կգաք։ Այնքան տհաճ է, որ երբեմն մտածում ես՝ ավելի լավ է չշնչես»։
Մեր զրուցակիցն ասաց, որ բողոքներից հետո մի բան է փոխվել՝ արդեն ոչ թե անընդհատ, այլ որոշակի ժամերի է զգացվում այդ տհաճ հոտը։
Մարմարաշեն համայնքի ղեկավար էդուարդ Հակոբյանն էլ «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ պետական բոլոր միջոցներով փորձել են խնդիրը լուծել, և մարզպետն էլ հայտնել է, որ իրենց կողքին է, սակայն ոչինչ չի փոխվել։
Համայնքապետն ասում է, որ ստուգումներ անցկացվել են, սակայն դրանց անցկացման ընթացքում գյուղում ոչ մի հոտ չի եղել։ Ասում է՝ խոզաբուծարանին մեկ անգամ տուգանել են 300 հազար դրամով, բայց ինքը տեղյակ չի՝ նրանք վճարե՞լ են, թե՞ ոչ։
Նշենք, որ խոզաբուծարանը գտնվում է համայնքի դպրոցի, մանկապարտեզի և եկեղեցու մոտակայքում։
«Ա1+»-ը փորձեց կապ հաստատել խոզաբուծարանի ներկայացուցիչների հետ։ Աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ քիչ ավելի ուշ կզանգահարի, ապա այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները մի քանի ժամով փակել էին Մարմարաշենից դեպի Մխչյան տանող գյուղամիջյան ճանապարհը։ Նրանք բողոքում էին գյուղի խոզաբուծարանից տարածվող գարշահոտությունից, ինչի հետևանքով, ըստ բնակիչների, իրենցից շատերի մոտ ալերգիայի ախտանիշներ են ի հայտ եկել։