Հայաստանը 35-րդն է ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում ավարտվեց որակավորման փուլը:
Այն առանց կորուստների անցկացրին միայն չորս երկրների ակումբները՝ Իսպանիան, Անգլիան, Գերմանիան և Պորտուգալիան: Իսկ ահա 26 երկրներ զրկվեցին իրենց բոլոր ներկայացուցիչներից: Ավաղ, նրանց թվում է նաև Հայաստանը, քանի որ «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում ցավալի՝ 11մ հարվածներով պարտություն կրեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժից» և դուրս մնաց մրցաշարից:
Սակայն, պետք է փաստել, որ մեր թիմերն բավականին առաջադիմել են ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Հայաստանն այժմ 7.625 վարկանիշային միավորով զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի համար բոլորից շատ միավորներ վաստակել է «Արարատ-Արմենիան»՝ 5, ապա հաջորդում են «Փյունիկն» ու «Ալաշկերտը»՝ 3-ական: Միավոր չի վաստակել միայն «Բանանցը»: Ի դեպ, մեզ կարող է շրջանցել միայն Լյուքսեմբուրգը, որն այժմ 7.250 միավորով գտնվում է 39-րդ հորիզոնականում, սակայն մեկ մասնակից ունի Եվրոպայի լիգայի խմբային փուլում:
Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում երկիրն որքան բարձր տեղ է զբաղեցնում, այնքան դյուրին մրցակիցներ է ստանում որակավորման փուլերում: