Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131594
A A
Հասարակություն

Հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն․ փոխնախարար (տեսանյութ)

Հանրակրթական պետական չափորոշիչների փոփոխությունների աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի մայիս ամսին, ինչի համար հրավիրվել են միջազգային փորձագետներ։ Ծրագիրը, սակայն, կփորձարկվի 2020 թվականի սեպտեմբերից։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:

Նա նշեց, որ Համաշխարհային բանկի կրթության ոլորտում 6 առաջատար փորձագետներից երկուսն ընդգրկված են ծրագրում, ինչը մեծ ձեռքբերում է  կրթական ծրագրի համար։

«Մենք ունենք հանրակրթության չափորոշիչներ, որտեղ նշվում են ուսումնառության վերջնարդյունքները, դասավանդման հիմնական մեթոդները և հենքային ուսումնական պլանը։ Հանրակրթական չափորոշիչներն այս պահին մշակվում են, թե երեխան դպրոցը ավարտելուց հետո ի՞նչ կարողունակություններ կունենա։ Այս բարեփոխումների ծրագրերում մշակվելու են դասավանդման և ուսումնառության նյութեր, 5-10 դասարանների դասավանդման և ուսումնառության նյութերը և դասի պլանը»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ փոփոխություններ կլինեն ուսուցիչների վերապատրաստման և նոր  մոդուլների ձևավորման առումով։

Նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերին պիլոտային ծրագիր իրականացնել մարզերից մեկում՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման համար, որի շուրջ այս պահին աշխատում են միջազգային գործընկերների հետ՝ գումարներ ներգրավվելու համար։

Կրթության փորձագետ Գագիկ Մելիքյանը նշում է, որ միջին դպրոցում սովորողների ծանրաբեռնվածությունը կկրճատվի։ Եթե նախկին ուսումնական պլանում միջին դպրոցին տրվում էր մոտավորապես 37 ժամ, այժմ դպրոցը, իր առանձնահատկություններից ելնելով, հնարավորություն ունի տնօրինել այդ ժամանակը։

«Ավագ դպրոցում ևս փոփոխություններ են իրականանալու, նախկինում եթե երեխան ընտրել էր բնագիտամաթեմատիկական հոսքը, այնտեղ խորացնում էր ֆիզիկա, մաթեմատիկա առարկան,  իսկ հիմա երեխան, անկախ իր հոսքից, կարող է ընտրել երկու և ավելի առարկաներ, այսինքն՝ այս պլանը հարմարեցվել է երեխայի պահանջմունքներին»։

Արևիկ Անափիոսյանն ընդգծեց, որ ուսպլանը կազմելիս  հաշվի են առնվելու երեխայի ծանրաբեռնվածությունը և տարիքային առանձնահատկությունը։

 «Մենք գիտենք, որ հիմա դպրոցներում  առարկայացանկը մեծ է։ Այժմ մենք փորձում ենք տարբեր թեմանները ինտեգրել մեկ առարկայի մեջ։ Օրինակ՝ առողջ ապրելակերպը կարելի է հասցնել երեխաներին մաթեմատիկա առարկայի շրջանակներում՝ որոշակի խնդրահարույց թեմաներ քննարկելով»,- ասաց նա։