Սիրիական հակամարտությանը մեծապես բախվել են հենց մեր հայրենակիցները․ արաբագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ «Սիրիացի փախստականների ճգնաժամը․ Տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ» թեմայով Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունենում քննարկում։
Քննարկման վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանի հետ։
«Այս տարիներին մենք բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ենք իրականացրել, բազմաթիվ քննարկումներ ենք կազմակերպել սիրիական հակամարտության մասին, քանի որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց նա։
Արաբագետի խոսքով՝ Հայաստանը փաստացի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մի մասն է, և սիրիական հակամարտությանը մեծապես բախվել են հենց մեր հայրենակիցները։ Իսկ պատերազմի տարիներին, հիշեցնում է Փաշայանը, Հայաստանը նույնպես ընդունեց մեծ թվով սիրիաբնակների։
Չնայած սիրիահայերի հարցով ռազմավարության բացակայությանը, նա նշեց, որ կառավարությունը մշտապես փորձել է լուծում տալ նրանց խնդիրներին։
«Բազմաբնույթ խնդիրներ են՝ սկսած տան վարձակալությունից, առողջապահական խնդիրներից, կրթական խնդիրներից և այլն»։
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասել էր, թե գետոների ստեղծումը խոչընդոտում է ՀՀ հասարակության մեջ ինտեգրվելուն։ Ղազարյանի դիտարկման շուրջ արաբագետն ասաց, որ հասկանալի իրավաիճակ է․ սիրահայերը ձգտում են միմյանց մեջ շփումներին, ինչը պայմանավորված է նոր միջավայրով, խոսվածքով և այլն։
Ըստ նրա՝ խնդիրներն առկա են, դրանք պետք է կարողանալ վեր հանել և լուծում տալ։