Իրավական կազուս է առաջացել․ պատգամավորը՝ Քոչարյանի գործի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ այսօր ՍԴ-ում տեղի ունեցող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության քննությանը։
Հարցին՝ եթե ՍԴ-ն դրական որոշում ընդունի, արդյոք պետք չէ՞ քրեական հետապնդումը դադարեցնել, պատասխանեց:
«Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը չլինի, որևէ ենթադրություն այս հարցի վերաբերյալ չեմ կարող անել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ՍԴ-ն այսօր չի քննարկում Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելը։
Հարցին, թե քանի դեռ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կարծիք չի հայտնել, կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանի գործը քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իրավական կազուս է առաջացել, որի պատասխանը չունի:
«Վերադաս ատյանը չեղարկել է դատարանի որոշումը, և իմ ընկալմամբ՝ դիմում չկա, և այս պարագայում պետք է գործի քննությունը շարունակվեր։ Բայց զուգահեռ սրան՝ ՍԴ-ն որոշում է կայացրել և շարունակում է գործի քննությունը՝ մեկնաբանելով օրենքը այնպես, որ քանի դեռ տվյալ դատավորը դիմումը հետ չի կանչել, ապա գործի քննությունը շարունակվում է։ Սա որոշակի կազուս է առաջացրել այն առումով, որ ենթադրվում է, որ եթե գործը ուղարկվել է Սահմանադրական դատարան, ապա գործի քննությունը կասեցվում է մինչև ՍԴ-ի որոշման կայացումը։ Բայց ՍԴ-ն էլ իր հերթին կասեցրել է գործը և ուղարկել Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ։ Թեև իմ համոզմամբ՝ գործը պետք է շարունակվեր քննվել»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։