Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-bosnia
A A
Սպորտ

Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա. նախախաղային ասուլիսներ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլի Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսը սկսվեց հյուրերի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիւ ու թիմի ավագ Էդին Ջեկոյի ասուլիսով:

Իտալական «Ռոմայի» հարձակվողին նախ հարցրեցին, թե ի՞նչ կարծիք ունի Հենրիխ Մխիթարյանի մասին, որը մի քանի օր առաջ տեղափոխվել է հռոմեական ակումբ և դարձել է իր նոր խաղընկերը:

«Կռահում էի, որ նման հարց է հնչելու: Ես շատ ուրախ եմ, որ Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստը համալրել է «Ռոման»։ Նա խաղալու է իմ թիկունքից և վստահ եմ, որ մեծ օգուտ կտա անձամբ ինձ՝ որպես հարձակվողի», - ասաց բոսնիացիների գլխավոր ռմբարկուն։

Գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին խոսելով վաղվա հանդիպման մասին, մասնավորապես նշեց. «Չնայած մենք առաջին խաղում հաղթել ենք Հայաստանի հավաքականին, բայց այն շատ խնդիրներ ստեղծեց մեր համար գրոհների և հակագրոհների ժամանակ։ Դիտել ենք հայերի խաղը Հունաստանի և Իտալիայի հետ ու կարող եմ ասել, որ բավականին լավ թիմ ունեք, բայց ամեն ինչ կպարզվի վաղվա խաղում: Այո, մենք վերջին հանդիպումներում 7 գոլ ենք բաց թողել երկրորդ խաղակեսերում, բայց դրա պատճառը ոչ թե մեր ֆիզիկական վատ վիճակն է, այլ կենտրոնացվածության պակասը։ Վաղվա հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար, ուստի ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար»,- եզրակացրեց Պրոսինեչկին։

Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանեցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ու պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

«Վերջերս հաջող հանդիպումներ ունեցանք, որը օգնեց մեզ հավատալ, որ կարող ենք հաղթել։ Նվիրվեցինք, համախմբվեցինք ամբողջ թիմով ու կատարեցինք մեծ աշխատանք, որի արդյունքում էլ եղան այն արդյունքները, որոնք գրանցեցինք։ Ճիշտ է, վերջին խաղում պարտվեցինք Իտալիային, բայց թիմը լավ աշխատանք կատարեց։ Վաղվա մեր շանսերը կգնահատեմ 50-50։ Մենք դուրս ենք գալու խաղադաշտ միայն հաղթանակի համար»:

Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ Իտալիայի հետ խաղում ֆուտբոլիստները մեծ էմոցիաներ և ուժ են ծախսել, սակայն նրանք նույնպես մոտիվացված են, ինչպես իտալացիների խաղից առաջ:  

«Կփորձենք նույն ագրեսիվությամբ խաղալ, բայց թե ինչքանով դա կստացվի մեզ մոտ, ցույց կտա հանդիպումը։ Ես և ֆուտբոլիստները պետք է անընդհատ կատարելագործվենք։ Դա գործընթաց է, որը պետք է չկանգնի։ Մեր նշաձողն այն է, որ պատրաստվենք խաղից խաղ։ Հիմա կենտրոնացած ենք միայն Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հանդիպման վրա, որ կարողանանք լավ ֆուտբոլ ցուցադրել ու արդյունքի հասնել», - նշեց գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 8-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 17:00-ին: