Բացել լրահոսը Փակել լրահոսը
իսրայել
A A
Քաղաքականություն

Իսրայելում ՀՀ դեսպանություն կստեղծվի․ որոշումն ընդունվեց միաձայն (տեսանյութ)

Կառավարության նիստում չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց միաձայն, ինչից հետո Կառավարության անդամներն անցան զեկուցվող հարցերի քննարկմանը։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը զեկուցեց Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին Կառավարության որոշման նախագիծը։

«Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավոր արևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա»,- ընդգծեց արտգործնախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը։ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց, թե ե՞րբ պատրաստ կլինի այն, ինչին ի պատասխան Զոհրաբ Մնացականյանը հստակ ժամանակ չնշեց, միայն նկատեց՝ մտադիր են որքան հնարավոր է արագ բացել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու անհրաժեշտությունը մեծ է, ինչի մասին հայ համայնքը միշտ բարձրաձայնել է։ Այնուհետև նախարարը հարց ուղղեց Զոհրաբ Մնացականյանին դեսպանություն բացելու տեղի մասին և թե արդյոք Իսրայելը նույնպե՞ս ցանկանում է Հայաստանում դեսպանություն ունենալ։

Արտգործանախարարը հայտնեց, որ հստակ գիտեն, թե որտեղ է բացվելու դեսպանությունը։ Ինչ վերաբերում է 2-րդ հարցին, ապա ըստ նախարարի՝ այն Հայաստան- Իսրայել երկխուսության օրակարգում է։

«Իսրայելի հետ մենք չենք պայմանավորվել իրենց կողմից դեսպանություն բացման հանգամանքով, բայց սա եղել և մնում է մեր օրակարգում»,- շեշտեց նա։

Որոշումն ընդունվեց միաձայն։

Կառավարությունը միաձայն ընդունեց նաև Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին նախագիծը։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` նախագծի ընդունումը կարևորվում էր հետյալ հանգամանքներով։

«Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական և դիվանագիտական հիմնական կենտրոններից մեկն է։ Այստեղ է տեղակայված Աֆրիկյան միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան միությանը անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետությունները։ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Եթովպիայի Հանրապետությունում հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա գործակցությունը նաև Աֆրիկյան միության հետ»։