Գործն իսկապես լուրջ է, պետք է վկաների պաշտպանության մասին մտածել․ Լևոն Զուրաբյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությանանը, նշեց․
«Գործն իսկապես լուրջ է, պետք է վկաների պաշտպանության մասին մտածել։ Պետությունը լուրջ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի «Մարտի 1-ի» գործի բացահայտումը հասնի այն ավարտին, որը կապահովի մեր պետության ամրությունը»։
Նա չշտապեց, որևէ մեկնաբանություն անել, թե կասկածներ ունի՞ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ։ Լևոն Զուրաբյանը վերապահումով է մոտենում այն հրապարակումներին, որ Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում է գործադրվել։
«Դրանք հիմնականում նպատակ են հետապնդում զբաղվել մանիպուլիացիաներով»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ պարզ դարձավ, թե փորձ է արվել թաքցնել բանակի ներգրավումը։
«Ըստ էության՝ արդարադատության ինստիտուտները լրիվ ոչնչացված էին, մարդիկ որոշել էին, որ պետք է ապացուցվի, որ իրենց ասածը ճիշտ է, որ իբր ցուցարարները կրակել են, ցուցարարները բռնություն գործելու պլան են ունեցել, իսկ մեր բարեպաշտ ոստիկանները գնացել և փորձել են զննել և դիմադրություն են ցույց տվել։ Բացահայտվեց, որ իրենք փորձել են թաքցնել բանակի ներգրավումը, Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ բանակը կարող է ներգրավվել, բա այն ժամանակ ինչո՞ւ էին փորձում թաքցնել, որ բանակը ներգրավվել է, դա ապացուցում է, որ այն ժամանակ իշխանությունը իմացել է, որ հանցավոր գործով է զբաղված։ Կատարվել է կեղծարարություն, և այն մարդիկ են զբաղվել դրանով, որոնց պարտականությունն է ճշմարտությունը բացահայտելը»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Ալիկ Սարգսյանի դեմ առաջադրած մեղադրանքի վերաբերյալ, որտեղ այլ մանրամասներ էր ներկայացրել։
Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճից։ Ըստ նրա՝ եթե Արթուր Վանեցյանը սպայի պատվից է խոսում, ապա ինքն առաջինն է այդ պատվի դեմ գնացել։
«Վանեցյանը պետք է շատ ավելի զուսպ լիներ։ Միայն այդ հայտարարությունը, ցույց է տալիս, որ նա սխալ տեղում էր հայտնվել»,- նկատեց Լևոն Զուրաբյանը։
Ի դեպ, ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները պետք է լինեն քաղաքական։