«Ամեն փակ դուռ լքված պոստ է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյունիքի մարզի Տավրուս գյուղի վարչական ղեկավար Սլավիկ Կարապետյանը չի հիշում թե վերջին անգամ երբ է Տավրուսում հարսանիք եղել, ասում է՝ շատ վաղուց էր։ Փոխարենը հիշում է, որ ժամանակին գյուղը մարդաշատ էր, հարսանիքներ էին լինում, երեխաներ էին ծնվում։ Հիմա 12 ծուխ է մնացել։
«Յուրաքանչյուր փակ դուռը հավասարազոր է պոստի լքմանը»,- ասում է Սլավիկ Կարապետյանը։
Փակ դռները գնալով շատանում են նաև հարևան Անտառաշատում։ Վարչական ղեկավար Արայիկ Սարգսյանի խոսքով հիմա գյուղը համեմատաբար մարդաշատ է՝ շատերը որպես ամառանոց են գալիս։ Ձմռանը Անտառաշատը 91 մշտական բնակիչ ունի։
«Ցուցակով գրանցված 30 հոգի այս պահին Ռուսաստանում է»,- ասում է Արայիկ Սարգսյանը։ Միաժամանակ հիշում է՝ գյուղն ամենաշատ բնակիչն 80-ականներին է ունեցել, երբ ինքը դեռ փոքր էր։
«Այստեղ դաշտ ունենք։ Երբ գնում էինք ֆուտբոլ խաղալու՝ երեխա ժամանակս՝ 10-12 տարեկան, երևի մի 50 հոգի երեխա կար, որ ամռանը գալիս էին։ Հնարավոր է՝ ավելի շատ։ Կապանից, դե մեր գյուղացիների, իհարկե, թոռները, երեխաները գալիս էին»։
Գյուղում դպրոց չկա, 3 աշակերտները հարևան Ուխտավայրի դպրոցն են գնում՝ 3 կմ կտրել-անցնելով։ Նաև մանկապարտեզ ու աշխատանք չլինելու պատճառով էլ հենց երիտասարդները արտագաղթում են։ Գյուղի բնակիչ Տիկին Արևհատի (Արևհատ Հակոբյան) զավակներն էլ լքել են հայրենի գյուղը։
«Օրինակ իմ տղան, աղջիկս գնացել են Ռուսաստան․ ամուսնացել են ընտանիքով գնացել։ Բայց մի թոռս Մոսկվայում էր, եկել է արդեն 9 ամիս է այստեղ է ապրում։ Գյուղում պայմաններ չկան, գնացել է քաղաք, որ երեխաները մանկապարտեզ գնան, կինը՝ աշխատի»։
Անտառաշատում երկու շաբաթ առաջ կարկուտը լուրջ վնասներ էր հասցրել։ Բայց օգնությունն այս անգամ չի ուշացել։
«Ես առաջին դեպքն եմ տեսնում, որ հենց հաջորդ օրը երեք մեխանիզմ են ուղարկել՝ ճանապարհները փակվել էր։ Հենց հաջորդ օրվանից մեր համայնքապետը տրակտորներն ուղարկել է և մաքրել են՝ բացել»,- նշում է Արայիկ Սարգսյանը։
Ասում է նաև՝ գյուղում մի անսարք տրակտոր կար այժմ վերանորոգել են, ավտոբուսն էլ մի քանի ամիս դադարից հետո կրկին աշխատում է։ Հիմա սպասում են փողոցների լուսավորությանը։ Իսկ թե երբ դատարկ տները կլուսավորվեն՝ դժվարանում են ասել։