Ձկան փոխարեն «Իմ քայլը» նախընտրում է կարթը
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի համակարգողներն այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
«Ոլորտները փոխկապակցված են և մի ծրագիրն իրականացնելիս հաշվի ենք առնում նաև դրա ազդեցությունը մյուս ոլորտների վրա:
Կրթություն, մշակույթ, առողջապահության, սոցիալական ու բնապահպանողական ծրագրերն իրականացնելիս մենք հաշվի ենք առնում տեղական և միջազգային փորձը, նաև հանրային կարծիքը»,- ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը
Հիմնական ծրագրերը ներկայացրեցին ոլորտի պատասխանատուները, որից հետո հիմնադրամի համակարգողները և լրագրողները անցան ինտերակտիվ քննարկման:
Կրթաթոշակային ծրագիրը, որը ներկայացրեց ոլորտի համակարգող Արմեն Ներսեսյանը, առաջնահերթություն է տալիս մագիստրատուրայի դիմորդներին, որոնք կստանան լավ կրթություն աշխարհի առաջատար բուհերում և ուսումը ավարտելուց հետո պետք է վերադառնան և գոնե երեք տարի ապրեն ու աշխատեն հայրենիքում: Իսկ ինչու մագիստրատուրան, քանի որ մեկ կամ երկու տարում երիտասարդները չեն հասցնի այնքան ինտեգրվել արտերկրում, որ չցանկանան հետ վերադառնալ:
Այս տարի ունեցել են 90 դիմում, որից ընտրվել են 54-ը: Հիմնադրամը շնորհում է ծախսերի մինչև 50 տոկոսը: Բյուջեն կազմել է 840 հազար ԱՄՆ դոլար: Սովորելու են ութ երկրների` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Սինգապուրի, Ֆրանսիայի և Ավստրիայի առաջատար բուհերում:
Կառավարությունից, նաև մասնագետներից կարծիքներ են լսել և կազմել են առաջնահերթ 37 մասնագիտությունների ցանկ, մասնավորապես՝ գյուղատնտեսությունը, առողջապահությունը, կառավարումը, իրավագիտությունը, և այլ մասնագիտություններ, որոնք անհրաժեշտ են երկրին: Սակայն, ցանկում ընդգրկված մասնագիտությունները չեն բացառում այլ մասնագիտություններով կրթաթոշակ ստանալու հնարավորությունը:
«Թամանյանը առաջնահերթ էր համարում Ժողտան կառուցումը և սա պատահական չէր,- ասաց մշակութային ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանը:- Հիմնադրամը կարևորում է դասական երաժշտության պրոպոգանդումը:
Մշակութային տուրիզմն այսօր զարգանում է ողջ աշխարհում և պետք է կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ արտերկրներից գան Հայաստան, օրինակ, մեր ազգային նվագախմբի համերգները լսելու, որն այսօր միջազգային մակարդակով ներկայանալի նվագախումբ է»:
Սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը ներկայացնելով ոլորտը, խոսեց այն մասին, որ յուրաքանչյուր ծրագրի իրականացման հիմքում ընկած է լինելու ոչ թե նպաստ, ֆինանսական օգնություն, առձեռն գումար տրամադրելու սկզբունքը, այլ, այսպես ասած, «ձկան փոխարեն տալ կարթը», օգնել ձեռք բերել հմտություններ, մասնագիտություն, քանի որ համաշխարհային փորձը ապացուցում է, որ նման միջամտությունները գցում են մարդկանց կախվածության մեջ և դառնում սովորություն:
Բնապահպանական ծրագրերի համակարգող Դավիթ Շինդոյանի խոսքով, առաջին քայլերից է լինելու պոլիէթիլենային տոպրակների փոխարինումը բազմակի օգտագործման տոպրակներով, նաև տարբեր միջոցառումներ են իրականացնելու նպաստելու համար այս շուկայի զարգացմանը: