Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Առաջարկվում է մասնավորեցման ծրագրից հանել «Էներգաիմպեքս»-ը և «Հայփոստ»-ը․ ԱԺ նիստը՝ ուղիղ (տեսանյութ)

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը։ Քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-20 թթ․ ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Հիմնական զեկուցողն է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Նա իր ելույթում ասաց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում։ 

«Ծրագրի ցանկից առաջարկվում է հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունները։ «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից հանելու առաջարկությունն արել է նախկին Էներգետիկ պաշարների և ենթակառուցվածքների նախարարությունը»,- նշեց Բաբայանը։

Առաջարկությունը, ըստ նրա, արվել է էներգետիկայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով, իսկ «Հայփոստ»-ի մասով առաջարկությունն արել է նախկին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ փոստային կապի ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունն ապահովելու նպատակով։

«Մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում որպես կառավարման արդյունավետ մոդել առաջարկվում է հետագայում կիրառել ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնումը»,- ընդգծեց Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը։