Անբան Հուռին «կվերադաստիարակվի և կդառնա սրամիտ խորհրդատու» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուռին կօգնի օպտիմալ ծախսել ժամանակը: Կոճակներ սեղմելու փոխարեն ընդամենը կարելի է ձայնային հարց ուղղել ու ստանալ ձայնային պատասխան:
Հուռին սրամիտ է ու կատակասեր, բայց դեռ փոքր է ու միայն անգլերեն է «խոսում»: Շուտով հայերեն էլ «կխոսի»:
Հուռին Soft Construct ընկերության նոր պրոդուկտն է, որը ցուցադրվեց WCIT 2019 շրջանակում:
«Թումանյանի հեքիաթի Հուռին անբան աղջիկ էր, որ չէր ուզում աշխատել, մենք նրան վերադաստիարակում ենք: Հիմա նա աշխատասեր, հասարակությանը պիտանի Հուռի է - հումորով ասում է ընկերության աշխատակից Արտյոմը: - Մեր Հուռին արհեստական ինտելեկտ է, և կարելի է ասել, աշխարհի քաղաքացի է»:
Թե օրինակ ինչով կարող է Հուռին օգտակար լինել տնային տնտեսուհիներին հարցին Արտյոմը պատասխանում է.
«Օրինակ, տնային տնտեսուհին սպորտային խաղ է նայում և ադիբուդի է ուտում ,ու ձեռքերը զբաղված են: Նա խաղադրույք կատարելու ձայնային հրահանգ է տալիս Հուռիին, կամ օրինակ երբ է ծնվել Ալբերտ Էնշտեյնը: Կամ օգնի երեխաների հարցերին պատասխանել ու դասերը սովորել: Հուռին առայժմ դեռ պատրաստ չէ, բետա վերսիայում է, դեռ սովորեցնում ենք»:
Հուռին պատրաստ կլինի «աշխատանքի անցնել» արդեն հունվարին: