Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արա Բաբլոյանը` իշխանության զավթի՞չ․ մի քիչ կուրյոզային է․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կողմից հարցաքննության հրավիրելու մեջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քաղաքական հետապնդում չի տեսնում։

«Քաղաքական հետապնդում ասելու համար շատ ծանրակշիռ փաստարկներ պետք է ներկայացնեմ, որն այս պահին չունեմ։ Բայց, որ դա ոչ կոռեկտ էր․ ոչ կոռեկտ էր նաև բժիշկ Արա Բաբլոյանին աննախադեպ վիրահատությունից առաջ կանչել հարցաքննության։ Էդ ի՞նչ էր պատահել, աշխա՞րհն էր փլվում, որ Արա Բաբոլյանը պետք է ընդհատեր վիրահատությունը։ Այս դեպքում նույնպես կարծում եմ, որ խախտվել է բարեվարքության և կոռեկտության սահմանը, ինչպես Հրայր Թովմասյանի աղջիկների և հոր դեպքում»,- ընդգծեց պատգամավորը։

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը Նաիրա Զոհրաբյանը որակում է աննախադեպ ծանր հոդված։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին երեկ պաշտոնեական կեղծիք և իշխանությունը յուրացնելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։

«Արա Բաբլոյանի կողմից իշխանությունը յուրացնելու որևէ լուրջ հիմք չենք տեսել։ Մի քիչ դժվար եմ պատկերացնում բժիշկ Արա Բաբլոյանին իշխանությունը զավթողի դերում։ Նախկին իշխանությունում կան մարդիկ, որոնց ես կարող եմ պատկերացնել այդ դերում, բայց Արա Բաբլոյանը՝ իշխանության զավթի՞չ․ մի քիչ կուրյոզային է»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։